Մարտի 1-ի զոհի հոր հարցերը Գևորգ Կոստանյանին

Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»: 2008թ․ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, մի շարք հարցեր բարձրաձայնեց Ազգային ժողովի ամբիոնից:

«Մեր պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջն է միայն բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը: Ո՞վ հրաման տվեց և ովքե՞ր սպանեցին մեր երեխաներին: Պաատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ էլ հրաման տվողները»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Նա հիշեցրեց, որ նախօրեին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մարտի 1-ի գործը մինչև վերջ չբացահայտելու համար պատճառաբանում էր, թե վկաների կեսն արտագաղթել են, իսկ կեսը չեն հիշում դեպքերի մանրամասները․

«Պարո՛ն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երևի դուք էլ չէիք հիշի, թե ինչ է կատարվել 2008թ. մարտի 1-ին»,- ասաց նա:

«2008թ. մայիսի 4-ին ձեր նախագահ Սերժ Սարգսյանն իր զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ պրոֆեսիոնալ` հեռակառավարվող, որոնք կարողանում են խոշորացնել, հեռվացնել, մոտեցնել: Այդ բանը չի հերքել Ազգային անվտանգությունը, և ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի` գծեցիք ճանապարհային քարտեզ, գործերը առանձնացրեցիք։ Բա ի՞նչ եղավ, պարոն Կոստանյան, անցել է տասը տարի»,- հարց ուղղեց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:

***

2008թ․ փետրվարի 19-ի՝ բազմաթիվ ընտրակեղծիքներով անցկացված նախագահական ընտրություններին հաջորդեցին ժողովրդական ընդվզումները՝ ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ։ Մարտի 1-ին իշխանությունները Երևանում բռնի ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, ինչը հանգեցրեց տասը հոգու մահվան։ Մինչ օրս Մարտի 1-ի գործը մինչև վերջ չի բացահայտվել։ Չեն հարցաքննվել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, որ 2008թ․ մարտի 1-ին ՀՀ նախագահն էր, ո՛չ Սերժ Սարգսյանը, որ այդ օրերին վարչապետն էր և պաշտոնապես հաղթել էր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

Մեկնաբանել