Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին համեմատել է հեքիաթի հերոսի հետ

«Գիտեք այն հեքիաթի հայտնի հերոսին, ով, մենակության մեջ հայտնվելով, վախից սկսում է բարձր գոռալ: Նույնը միգուցե Ադրբեջանն է անում»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 23-ին Երևանում Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին մեկնաբանել է Ադրբեջանում հնչող պնդումները,  թե Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց համար չափազանց կարևոր և էական դիտարկումներ կան տարածքային ամբողջականության մասին:  

«Գիտեք այն հեքիաթի հայտնի հերոսին, ով, մենակության մեջ հայտնվելով, վախից սկսում է բարձր գոռալ: Նույնը միգուցե Ադրբեջանն է անում։ Կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերբերյալ եռանախագահող երկրների մոտեցումը, որը վայելում է ԵՄ լիակատար աջակցությունը: Դրա մասին բազմից հայտարարվել է: Նաև հայտարարվեց Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում տիկին Մոգերինիի հետ մեր համատեղ հայտարարության ընթացում: Հայտնի է նաև եռանախագահող երկրների մոտեցումը: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ, երբ համանախագահներն այցելեցին տարածաշրջան, նոր հայտարարությամբ հանդես եկան, որը նորից ու նորից կրկնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա»,- ասել է Նալբանդյանը։

Ըստ Նալբանդյանի՝ Եվրամիությունը ոչ միայն իր լիակատար աջակցությունն է հայտնում եռանախագահների ջանքերին և մոտեցումներին, այլև բազմիցս հիշատակել է հենց այս երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք․ «Դրա մասին էր ասված նաև Բրյուսելին նախորդած գագաթաժողովի ժամանակ, երբ հղում էր կատարվում եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններին, իսկ Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ վերահաստատվում էր այն, ինչ ասվել էր նախորդ համաժողովների հռչակագրերում»:

«Մեկ ամիս առաջ՝ տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, Ձեր գործընկերներից մեկի հարցին պատասխանելիս, ես շատ մանրամասն անդրադարձա Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրի դրույթներին և ադրբեջանական աղավաղումներին: Խրոնիկ դարձած ադրբեջանական կողմի աղավաղումները համապատասխան բնութագրում են ստացել ոչ Հայաստանի կողմից։ Դրանք բնութագրվել են որպես այլասերումներ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։