Հայաստանի ժողովուրդն ամեն պատճառ ունի ապստամբելու իր իշխանության դեմ. քննարկում Փասադենայում

Փետրվարի 23-ին Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում տեղի է ունեցել քննարկում «Ժողովրդական ապստամբություններ․ երբ և ինչու» խորագրի ներքո։ Քննարկումը, որի ընթացքում խոսվել է Հայաստանում առկա իրավիճակի և ժողովրդական ընդվզման առարկայական պատճառների մասին, կազմակերպել էր ՀՅԴ Լեռնավայր կոմիտեության հարաբերական հանձնախումբը։

«Հայաստանի ժողովուրդն ամեն պատճառ ունի ապստամբելու իր իշխանության դեմ, որովհետև կեղեքված է, որովհետև շահագործված է, որովհետև ճնշված է՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում»,- հայտարարել է Կանիոնս Քոլեջի (Canyons College) քաղաքագիտության դասախոս, դոկտոր Ռազմիկ Շիրինեանը։

Նա նշել է, որ դարերի պատմություն ունեցող պատճառներ կան, որոնք ժողովրդին ապստամբելու իրավունք են տալիս։

Դոկտոր Շիրինեանի խոսքով՝ ապստամբության պատճառները բավարար չեն, նաև ապստամբողն է պետք, որն ունենա իր գիտակցությունն ու հասկանա ապստամբելու պատճառները։

«Բայց ապստամբողը Հայաստանում, ըստ երևույթին, գոյություն չունի։ Ինչո՞ւ․ որովհետև Հայաստանի ճնշված վիճակը, ժողովրդի ճնշված վիճակը թեթևանում է, քանի որ նրանք դուրս են գալիս։ Այսինքն՝ արյան ճնշումը նվազում է, որովհետև ժողովուրդը դուրս է գալիս։ Եվ ապստամբողները շատ հաճախ իրենց խնդրի լուծումը գտնում են երկրից դուրս գալով»,- ասել է Ռազմիկ Շիրինեանը՝ հավելելով, որ, անշուշտ, այլ պատճառներ էլ կան։

Նա ընդգծել է, որ արտագաղթի երևույթը նվազեցնում է ապստամբության հնարավորությունը. «Ինչո՞ւ է այսպես լինում․ որովհետև, կարծում եմ, Հայաստանի ժողովուրդը օտարացած է իր հայրենիքից։ Մի շարք քաղաքագետներ սա կոչում են օտարացման տեսություն՝ alienation theory։ Այս մասին խոսել են Հեգելը, Մարքսը, Ֆոյերբախը: Հայ ժողովուրդն այսօր Հայաստանում իր իսկ երկրից օտարացած է»։

Նրա խոսքով՝ հավաքական առումով նաև հայի ինքնությունն է օտարացել հայրենիքից․ «Համաշխարհայնացման երևույթի դեմ նույնպես հայի ինքնությունն օտարացած է։ Օտարացած է իր արտադրությունից, իր իրավունքներից, իր հայրենիքից»։

Ռազմիկ Շիրինեանը նշել է, որ այսօր շատ է խոսվում համաշխարհայնացման մասին․

«Համաշխարհայնացման նոր մոդա կա հիմա, խոսում են համաշխարհային հայերի մասին, որ պիտի փրկեն Հայաստանը։ Լավ բան է՝ համաշխարհայնանալ, տեխնոլոգիաներ զարգացնել։ Արդիականացումն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են, անշուշտ, բայց ես չեմ կարծում, որ դա պիտի լուծի ժողովրդի շահագործման խնդիրը։ Տեխնոլոգիան արդեն լուծել է շահագործման գիտակցության երևույթը։ Տարբերությունը սա է»։

Շիրինեանը նշել է, որ հայ ժողովրդի օտարացումի գաղափարը հիմնական պատճառն է, թե ինչու հայրենիքում տեղի չի ունենում ապստամբություն՝ չնայած այն հանգամանքին, որ դրա համար բազմաթիվ պատճառներ կան։

«Ազերիների դեմ պայքարը Հայաստանում աղքատությունը կրճատելն է»,- ասել է Արա Խանճեանը։Ապստամբության քաղաքական-տնտեսական պատճառների մասին է խոսել Վենտուրա Քոլեջի (Ventura College) պրոֆեսոր, տնտեսագետ Արա Խանճեանը։

«ՀՅԴ ծրագրի առաջին բաժինը գաղափարախոսության մասին է։ Այդ բաժնում կա պարբերություն, որտեղ ասվում է, որ ազատության և արդարության պայքարները մղելու համար անհրաժեշտ է և՛ առարկայական (օբյեկտիվ), և՛ ենթակայական (սուբյեկտիվ) պայմանների գոյությունը»,- ասել է Խանճեանը։

Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական վիճակը, աղքատությունը, շահագործումը, օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը, կեղեքումը,- այս ամենը առարկայական պատճառներն են, որ կարող են հանգեցնել ըմբոստության։

Ըստ պրոֆեսոր Խանճեանի, սակայն, որպեսզի ըմբոստությունը տեղի ունենա, առարկայական այս պայմանների կողքին պետք է լինի նաև ենթակայականը, այսինքն՝ անհատը, ժողովուրդը պետք է գիտակցի և պետք է քայլ անի։

Նա երկու օրինակ է բերել պատմությունից՝ առարկայական և ենթակայական։

Առաջինը 1877թ․ ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում սկսված շոգեքարշերի աշխատողների ապստամբությունն էր, որը տարածվեց մյուս նահանգների վրա։ Շոգեքարշերի աշխատողների աշխատանքային պայմանները ծանր էին՝ աշխատաժամերը երկար էին, մահացությունները հաճախակի, ընկերությունները վագոններն ավելացնում էին, ինչը նշանակում էր, որ այս մարդկանց աշխատանքն է ավելանում։ Գործադուլի և ընդվզման համար վերջին կաթիլը եղավ այս պայմաններում աշխատողների աշխատավարձի 10 տոկոս կրճատումը։ Ընդ որում, սկսված գործադուլն ու ապստամբությունը կոնկրետ ղեկավար ու ղեկավարման կենտրոն չունեին։

Բոլոր նրանք, ովքեր քննադատում էին Սասնա ծռերին, այսօր պետք է պայքարեն, որ Հայաստանում վերանան ընդվզման առարկայական պայմանները՝ չարաշահումները, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը, ժողովրդի աչք ծակող անօրինությունը

Արա Խանճեանի երկրորդ՝ ենթակայական օրինակը վերաբերում էր 2011թ․ սկսված Արաբական գարնանը և հեղափոխություններին։ Երբ ապստամբության համար կային պատճառները՝ աղքատություն, անհավասարություն, ընտրությունների կեղծում, օրենքի իշխանության բացակայություն և այլն, սակայն ապստամբություն չկար։ Միայն Թունիսում 26-ամյա աղքատ մրգավաճառ Մուհամեդ Բուազիզիի ինքնահրկիզումը առիթ դարձավ, որ ապստամբությունն սկսվի։ Այդ ապստամբությունը տարածվեց ամբողջ Արաբական աշխարհում, որտեղ կային նույն խնդիրները։

Արա Խանճեանի կարծիքով, եթե չլինեին ապստամբության համար առարկայական պատճառները, այս երկրներում որևէ օտար երկիր, գործակալ չէին կարող հեղափոխություն հրահրել, որքան էլ որ պաշտոնական քարոզչությունը նման վարկած էր առաջ տանում։

«Հիմա գանք Հայաստանին։ Մեկուկես տարի առաջ, երբ Սասնա ծռերը գրավեցին ոստիկանության գունդը, քննադատություններ հնչեցին, որ նրանք երկիրն ապակայունացնում են, որ սա վտանգավոր է, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցվում և այլն։ Բոլոր նրանք, ովքեր քննադատում էին Սասնա ծռերին, այսօր պետք է պայքարեն, որ Հայաստանում վերանան ընդվզման առարկայական պայմանները՝ չարաշահումները, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը, ժողովրդի աչք ծակող անօրինությունը։ Մեկուկես շաբաթ առաջ Երևանի ավագանում տեսանք, երբ անօրեն կերպով ուրիշներին ծեծում էին։ Չեմ ասում՝ կնոջն էին ծեծում։ Ասում եմ՝ ուրիշի էին ծեծում»։

Պրոֆեսոր Խանճեանի խոսքով՝ որպեսզի ապագայում Սասնա ծռեր, ըմբոստություններ չլինեն, բոլորը պարտավոր են դրա առաջն առնել․

«Եվ դա ագզային ազատագրական պայքար է։ Երբ ասում են՝ մեր ուժը պետք է ազերիների դեմ պայքարին ուղղենք․․․ ազերիների դեմ պայքարը Հայաստանում աղքատությունը կրճատելն է, քանի որ եթե Հայաստանում աղքատությունը շարունակվում է, մենք թույլ ենք ազերիի դեմ պայքարելու գործում։ Մեզ զինվորները մտահոգ են, որ իրենց ծնողներն ու հարազատները քաղցած են»։

«Տարրական բաներ պետք է ապահովվեն, որպեսզի խաղաղություն լինի, և ապստամբության առարկայական պայմանները թուլանան, որպեսզի մեր երկրում ըմբոստության առիթ չլինի, նույնիսկ եթե օտարները՝ ռուսը կամ ամերիկացին, փորձեն խառնել»,- ասել է Արա Խանճեանը։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել