Փետրվարի 26, 2008․ Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները միանում են Տեր-Պետրոսյանի հանրահավաքին

Հայաստանի շատ քաղաքացիներ 2008-ի փետրվարի 26-ը համարում են երկրում իշխանափոխություն իրականացնելու ամենաիրական հնարավորությունը։ Այդ օրը Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը շեշտակիորեն աճել էր։ Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, և մարդկանց չափազանց մեծ թիվը հիմք էր տալիս ենթադրելու, որ առաջին նախագահի ու Սերժ Սարգսյանի կոնֆլիկտը կարող էր լուծվել հօգուտ Տեր-Պետրոսյանի։ Ազատության հրապարակում մարդկանց թվի բազմապատկմանն օգնել էր հենց Սերժ Սարգսյանը։

Մարզերում վարչական ռեսուրսը գործի դնելով աջակցության հանրահավաքներ կազմակերպել-ավարտելուց հետո՝ Սերժ Սարգսյանը որոշում է մի աջակցության հավաք էլ Երևանում կազմակերպել։ Այս առիթով մարզերից ու Երևանից բազմաթիվ պետական աշխատակիցներ ավտոբուսներով, ըստ ահազանգերի, իրենց կամքին հակառակ բերվում են Հանրապետության հրապարակ՝ ողջունելու Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը և ունկնդրելու հայ էստրադայի կատարողներին։ Մարզերից եկած հարյուրավոր ավտոբուսներ կուտակվում են Հանրապետության հրապարակի մերձակայքում, որտեղ պատասխանատուները ներկա-բացակա են անում Սարգսյանի հանրահավաքին եկած ու չեկած մարդկանց։

Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե մյուս՝ Ազատության հրապարակում իրենց քույրերն ու եղբայրներն են, որոնք ակամա դարձել են մի քանիսի աթոռապաշտական ու վրեժխնդրության նկրտումների գործիքը։ Նա նաև համագործակցության կոչ է ուղղում. «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին և նրանց սատարած քաղաքական ուժերին: Եկե՛ք համագործակցենք, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում»,- ասում է Սարգսյանն ու խոսում գալիք հաղթանակների, կյանքը պղտորող երևույթների դեմ պայքարելու մասին։ Սերժ Սարգսյանի ելույթի վերջին բառերից անմիջապես հետո՝ Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի, Արամոյի ու Ֆորշի կենդանի կատարման ներքո նրան աջակցելու եկած մարդկանց մեծ մասը երթով շարժվում ու միանում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Տեր-Պետրոսյանին։ Կիսադատարկ Հանրապետության հրապարակում երգիչները կատարումներով են հանդես գալիս հազիվ մի քանի հարյուրի հասնող մարդկանց առաջ։

Սերժ Սարգսյանի ելույթի վերջին բառերից անմիջապես հետո՝ Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի, Արամոյի ու Ֆորշի կենդանի կատարման ներքո նրան աջակցելու եկած մարդկանց մեծ մասը երթով շարժվում ու միանում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Տեր-Պետրոսյանին

Սերժ Սարգսյանին աջակցելու հավաքի եկածներին Ազատության հրապարակում ընդունում են ցնծությամբ՝ հնչում է երգ ու պար, նրանց դիմավորում են գրկախառնություններով։ Ազատության հրապարկ եկածները պատռում և այրում են իրենց անդամատոմսերը, այրում Սերժ Սարգսյանի նկարներով ու կարգախոսերով իրենց տրված պաստառները։

Լևոն Տեր-Պետրոսյանը կատակում է՝ որպես նախագահ որոշել է իր առաջին պաշտոնական հրամանագիրը ստորագրել՝ Սերժ Սարգսյանին Մարտական խաչով պարգևատրելով այն բանի համար, որ վերջինս կրկնապատկել է Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների թիվը։ Այդ օրը երեկոյան, Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող Հին Երևան ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հայտարարում է, թե ցուցարարները փորձել են պոկել ռեստորանի մոտ փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր նկարը, սակայն ոստիկանություն է ժամանել, և նկարը չի պոկվել, փոխարենը ցուցարարները ձվեր են նետել Սարգսյանի նկարով պաստառի ուղղությամբ։ Մանվել Տեր-Առաքելյանը հայտարարում է, թե ցույցերի պատճառով մարդիկ չեն կարողանում իրենց կյանքի միակ հարսանիքը կազմակերպել, և որ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին։ [Այս հայտարարություններից մի քանի տարի անց Մանվել Տեր-Առաքելյանը բողոքում էր Հայաստանում արդարադատության պակասից։ Նրան պատկանող ռեստորանի հետ խնդիրներ էին առաջացել ու չնայած Սերժ Սարգսյանին ու այլ պաշտոնյաների ուղղված նամակներին՝ նա հայտարարում է, թե դարձել է անարդարության զոհ։ Մանվել Տեր-Առաքելյանի ընկերությունը սնանկացավ, իսկ նա, ըստ մամուլի որոշ հրապարակումների, Հայաստանում չէ]։

2008-ի փետրվարի 26-ին հայտարարությամբ է հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանը։ Տեր-Պետրոսյանի ձերբակալված կողմնակիցների մասին խոսելով՝ Քոչարյանը հայտարարում է, թե ձերբակալվել են այն մարդիկ, որոնք շիկացնում են մթնոլորտը երկրում և այն մարդիկ, որոնք համագործակցում են զինված ջոկատների հետ։ 2008-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններ հռչակելով՝ Քոչարյանը հայտարարում է՝ իրենց համբերությունն անսպառ չէ, հավաքներն Ազատության հրապարակում պիտի դադարեցվեն։

Խուզարկություններն ընդդիմադիրների բնակարաններում շարունակվում են։ Պարզվում է՝ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից Սամվել Գևորգյանի նկատմամբ, ով Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել։ Ավելի վաղ հացադուլ հայտարարած քաղաքացիները Տեր-Պետրոսյանի հորդորով դադարեցնում են այն։ Ընդդիմությունը պատասխանում է Սերժ Սարգսյանի՝ կոալիցիա մտնելու առաջարկին։ «Նիկոլը չի կարող Լֆիկ Սամո աշխատել, ես էլ չեմ կարող Թոխմախի Մհեր աշխատել»,- հայտարարում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Մամուլի ասուլիս է հրավիրում ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը։ Նա ասում է, թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ծայրահեղ են տրամադրված․ «Գիտեմ, որ ես կարող եմ կատարել շատ մեծ դեր: Կարող եմ սթափեցնող դեր կատարել: Կարող եմ շատ վատ դեր կատարել, լավ դեր կատարել»։ Բաղդասարյանն անընդունելի է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե նա ընտրվել է 65 տոկոս ձայներով։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածում, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մտադիր են եղել գրավել հեռուստաաշտարակը։ «Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության օպերատիվ տվյալներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր ապահովելու համար: ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (պետական իշխանության բռնատիրում):

Նույն հոդվածով երեկ բերման է ենթարկվել ոմն Կարեն Տեր-Ստեփանյանը, ով, ԱԱԾ-ի տվյալներով, մասնակցել է Ազատության հրապարակի հանրահավաքներին: Իր ցուցմունքներում Կարեն Տեր-Ստեփանյանը ասել է, որ իրենք պետք է երթ կազմակերպեին հեռուստաաշտարակի ուղղությամբ և, հաշվի առնելով, որ այն թույլ է պաշտպանվում, պատրաստվում էին առանց որևէ ջանքի ներխուժել շենքի տարածք և ուղիղ եթեր պահանջել Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Քրեական գործի շրջանակներում ևս մի քանի մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք՝ ատրճանակներ, ինքնաձիգներ, նռնակներ և զրահաբաճկոններ»։

Ոստիկանությունն իր հերթին հայտարարում է, թե Ազատության հրապարակում հավաքվածներն օգտագործում են ոգելից խմիչք։ Փետրվարի 26-ին խոսում են նաև հոգեբաններն ու ազդարարւմ մոտակա հոգեբանական պատերազմի մասին ու ավելացնում, թե ինը նախագահի թեկնածուներից ամենաշատը սթրեսային վիճակում Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Քաղաքացիները, որոնց թիվը կրկնապատկվել էր, շարունակում են գիշերել Ազատության հրապարակում։

Մկրտիչ Կարապետյան

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած օրերի իրադարձությունների մասին կարդացեք այստեղ։

Մեկնաբանել