Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի

Քրիստոնեական ամենամեծ սրբավայրը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի օրը փակել է իր դռները ի նշան բողոքի նոր օրենքի դեմ, որը թույլ է տալիս պետությանը եկեղեցուց հողատարածքներ բռնագրավել։ Սա վերջին 100 տարում առաջին դեպքն է, երբ տաճարի դռները փակվել են քաղաքական դրդապատճառներով։

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է, որ եկեղեցիները բողոքում են Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով քրիստոնեական համայնքներից պահանջվում է հարկ վճարել եկեղեցիների և վանքերի համար, ինչից քրիստոնեական եկեղեցիները դարեր շարունակ ազատված են եղել։

«Այսօր, ժամը 12:00-ին, Երուսաղէմի երեք իրաւատէր համայնքների Հոգեւոր Պետերը, Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Յոյն Պատրիարքը եւ Ս. Երկրի Քուստոսը, ի նշան բողոքի փակեցին Ս. Յարութեան տաճարի դուռը եւ տաճարի մուտքի առջեւ ընթերցեցին երեքի կողմից ստորագրուած յայտարարութիւնը:
Նրանք բողոքում են Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման դէմ, որով հրահանգուած է քրիստոնեայ համայնքներին` վճարել քաղաքապետարանին հարկ, եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնեայ համայնքները դարեր շարունակ ազատուած են եղել:
Յայտարարութիւնը նաեւ բողոքում էր Քնեսետում առաջարկուած մի օրինագծի դէմ, որով պետութեանը իրաւունք է տրւելու բռնագրաուել եկեղեցապատկան այն կալուածները, որոնց վարձակալութիւնը կը տրուի անհատ ձեռներեցների եւ չի վաւերացուի Քնեսետի կողմից:

Տաճարը կը մնայ փակ մինչեւ Հոգեւոր Պետերը հանդէս կը գան նոր յայտարարութեամբ»:

Կաթոլիկ, հույն ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով, որում հայտարարել են հետևյալը․ «Սարսափելի այս օրինագիծը […] եթե հավանության արժանանա, թույլ կտա բռնագրավել եկեղեցական կալվածքները։ Մեզ դա հիշեցնում է բոլոր այն նման օրենքները, որոնք եվրոպական Մութ դարերին ընդունվել են հրեաների դեմ»։

Օրինագծի կողմնակիցները մինչդեռ պնդում են, որ դրա հիմնական նպատակն է պաշտպանել իսրայելցիներին, որոնք ապրում են նախկին եկեղեցական տարածքներում, որոնք այսօր վաճառվել են անհատ ձեռներեցների։

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը արձագանքել է բողոքին՝ ասելով, որ եկեղեցիներն ու աղոթատեղիները ազատված են սեփականության հարկերից, «և դա այդպես էլ կմնա»։

«Սակայն ի՞նչ իմաստ կա նրանում, որ առևտրային տարածքը, որի վրա կառուցված են հյուրանոցներ և խանութներ, ազատված լինի հարկից միայն այն պատճառով, որ պատկանում է եկեղեցուն։ Երկար տարիներ պետությունը թույլ չի տվել քաղաքապետարանին այս տարածքներից գանձել պարտքերը․․․ Ես թույլ չեմ տա, որ Երուսաղեմի քաղաքացիները վճարեն այդ պարտքերը»,- Jerusalem Post-ը մեջբերում է քաղաքապետին։

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կարող է փակվել

Օրինագծի հեղինակներից Ռեյչել Ազարիան ասել է BBC-ին․ «Ես հասկանում եմ, որ եկեղեցին ենթարկվում է ճնշման, սակայն նրանք շարունակում են տնօրինել իրենց տարածքները, ոչ ոք չի պատրաստվում դրանք բռնագրավել։ Իմ օրինագիծը վերաբերում է նրան, թե ինչ տեղի կունենա, եթե հողատարածքի հանդեպ իրավունքը վերավաճառվի երրորդ կողմի»։

Երբ են բացվելու Սուրբ Հարության տաճարի դռները՝ դեռ հայտնի չէ։

Եկեղեցականները ուշադրություն են գրավում այն փաստին, որ առջևում Զատիկ է, հարյուր հազարավոր մարդիկ են այցելում տաճար, և դռների փակման հետևանքով պետությունը մեծ տնտեսական վնասներ կարող է կրել։

Սուրբ Հարության տաճարը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբատեղիներից է, ուր ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ և ուխտագնացներ են գալիս տարբեր երկրներից: Տաճարը հավասարության սկզբունքով տնօրինում են Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքարանը, Կաթոլիկ և Հույն Ուղղափառ եկեղեցիները:

Երուսաղեմի հայկական համայնքը կրճատվում է, բայց շարունակում է տոկալ

Մեկնաբանել