Ինչպիսի՞ն կլիներ ԽՍՀՄ-ը, եթե վերադառնար

Inosmi.ru կայքը թարգմանաբար ներկայացրել է եգիպտացի հեղինակ Մուհամեդ Էյհաբի հոդվածը (Muhammed Eihab), որտեղ նա փորձ է անում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Խորհրդային Միությունը, եթե լիներ այսօր։

1922 թ. դեկտեմբերի 28-ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը։ Խորհրդային Միությունը երկրորդ համաշխարհային պատերազմում կարողացավ դիմագրավել նացիստական ագրեսիային, ապա դրանից որոշ ժամանակ անց փլուզվեց։ Իսկ եթե այսօր այն վերածնվե՞ր։

Նախ որոշենք, թե որ երկրները կմտնեն ժամանակակից Խորհրդային Միության կազմ: Այն կներառեր հետևյալ երկրները` Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան և Տաջիկստան: Խորհրդային Միությունը կլինի շատ մեծ երկիր և իր տարածքով կգերազանցի Ավստրալիային, Անտարկտիդային ու Հարավային Ամերիկային՝ միասին վերցրած։ Այդպիսով, այդ տերության տարածքը կգերազանցի երեք մայրցամաքների տարածքը։ Նման հսկայական տարածքը մեծ ժամանակային տարբերություն կստեղծի Խորհրդային Միության երկու ծայրամասերի միջև, երբ երկրի մի մասում լինի երեկոյան ժամը 11: 00-ը, մյուս ծայրամասում կլինի կեսօր:

Բնակչությունը

Խորհրդային Միության ընդհանուր բնակչությունը կլինի 294,8 միլիոն մարդ: Այն բնակչության թվաքանակով աշխարհում կզբաղեցնի չորրորդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո։ Զարմանալի է՝ 1991 թ. Խորհրդային Միությունն ունեցել է գրեթե նույն թվով բնակչություն` 293 միլիոն մարդ, ինչը վկայում է Խորհրդային Միության փլուզումից հետո բնակչության թույլ աճի մասին: Խորհրդային Միության քաղաքացիների մեծ մասը կազմելու են ռուսաստանցիները (ընդհանուր բնակչության մոտ 46 տոկոսը), իսկ ուկրաինացիներն ու ուզբեկները կլինեն երկրորդ տեղում։

Ռուսերենը կլինի Խորհրդային Միության ամենատարածված լեզուն, նրանով կխոսի բնակչության մոտ 58 տոկոսը: Կոմկուսը կլինի միակ օրինական կուսակցությունը՝ իր ձեռքում կենտրոնացնելով բացարձակ իշխանությունը: Կրոնական մարդիկ կկարողանան իրենց ծեսերը կատարել միայն կրոնական կենտրոններում և չեն կարողանա անել դա հրապարակավ: Այնուամենայնիվ, բնակչության ճնշող մեծամասնությունը՝ մոտ 54 տոկոս, կլինեն ուղղափառ քրիստոնյաներ, 3 տոկոսը՝ կաթոլիկներ, 24 տոկոսը՝ սուննի, 3 տոկոսը շիա, 4 տոկոսը՝ այլ կրոններ, իսկ 12 տոկոսը՝ աթեիստ։

Տնտեսական ու քաղաքական իրավիճակը

Խոսելով Խորհրդային Միության կարգավիճակի և քաղաքական կառուցվածքի մասին, պետք է գուշակենք, որ նրա մայրաքաղաքը կլինի Մոսկվան: Բացի այդ, Խորհրդային Միությունը կունենա մի շարք խոշորագույն ազդեցիկ քաղաքներ, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը, որը կվերանվանվի Լենինգրադ, Կիևը՝ Ուկրաինայում, և Մինսկը՝ Բելառուսում: Տնտեսությունը բավականին ուժեղ կլինի, ՀՆԱ-ն կլինի մոտ 2 տրիլիոն դոլար:

Ներկայում Ռուսաստանը զբաղեցնում է 12-րդ տեղը համաշխարհային տնտեսական զարգացման վարկանիշով։ Խորհրդային Միությանը միանալուց հետո այն կզբաղեցնի 8-րդ տեղը, առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հարավային Կորեան և Կանադան: Մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակը համեմատաբար ցածր կլինի՝ մոտ 6 800 դոլար, որը ԽՍՀՄ-ին կդնի 76-րդ տեղում՝ Բուլղարիայից առաջ։ Խորհրդային բանակի ռազմական բյուջեն կկազմի 80 միլիարդ դոլար, որով նա կզբաղեցնի չորրորդ տեղը՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Սաուդյան Արաբիայից։

Այնուամենայնիվ, դա մեծ խնդիր չի լինի, քանի որ զինծառայողների քանակը կփոխհատուցի ֆինանսավորման բացը: Ռազմական անձնակազմի մոտ 1,43 միլիոն թվաքանակով այն կզբաղեցնի երկրորդ տեղը Չինաստանից հետո: Պահուստային ուժերը կկազմեն մոտ 2,88 միլիոն: Ընդհանուր առմամբ, կստացվի մոտավորապես 4,32 միլիոն զինծառայող՝ պատրաստ ռազմական գործողությունների, ինչը հավասար է Նոր Զելանդիայի բնակչությանը: Խորհրդային բանակի ընդհանուր թիվը կհավասարվի չինական բանակի հետ, և 42 տոկոսով ավելի կլինի ամերիկյանից: Խորհրդային բանակը կունենա աշխարհում ամենամեծ զինանոցը՝ ընդհանուր առմամբ 7 300 միջուկային մարտագլխիկ, իսկ ԱՄՆ-ը կունենա ընդամենը 6 970-ը: Բացի այդ, Խորհրդային Միությունը կդառնա նավթարդյունահանող ամենամեծ երկիրը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից: Այն կարդյունահանի մոտ 12,966 մլն բարել նավթ:

Ի վերջո, եթե Խորհրդային Միությունը վերակենդանանա, այն շատ ավելի հզոր կլինի, քան անցյալում։ Այն կունենա աշխարհում առավելագույն թվով միջուկային մարտագլխիկները, երկրորդ խոշորագույն բանակը և կդառնա նավթի արդյունահանման առաջատարը: Հնարավոր է, որ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև որևէ դաշինք չլինի, ուստի Խորհրդային Միությունը կձգտի դաշինքներ կազմել Աֆրիկայում և Ասիայում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել