Սիրիայի քուրդ առաջնորդը Թուրքիայի պահանջով ձերբակալվել է Պրահայում

Սիրիայի քուրդ ազդեցիկ առաջնորդներից Սալիհ Մուսլիմը, որը PYD («Դեմոկրատական միություն») կուսակցության հիմնադիրն է և մինչև 2017թ․ համանախագահը, Թուրքիայի պահանջով ձերբակալվել է Պրահայում, հաղորդում է Reuters-ը։

Կուսակցությունը իր հայտարարության մեջ Թուրքիային մեղադրել է «առանց իրավական հիմքի իր քաղաքացի չհանդիսացող անհատի ձերբակալությունը պահանջելու» մեջ։ Սալիհ Մուսլիմը Սիրիայի քաղաքացի է, Եվրոպայում էր պաշտոնական այցով։

Մուսլիմի կինը՝ Այշե Էֆենդին, Rudaw կայքին ասել է, որ «զարմացած չէ ամուսնու ձերբակալությամբ»։ Էֆենդիի խոսքով՝ իր ամուսինը զինվորական չէ, նա քաղաքական գործիչ է և դիվանագետ, որը զբաղվում է Ռոժավայի հարցերով։ 

«Չեխիան պետք է պատասխանատվություն ստանձնի և անհապաղ ազատ արձակի Սալիհ Մուսլիմին»,- ասել է կինը։ 

Թուրքիան Մուսլիմի հանդեպ հետախուզում է հայտարարել այն բանից հետո, երբ դատարանը նրան մեղադրանք է առաջադրել «պետության միասնությունը խախտելու» և այլ հոդվածներով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հույս ունի՝ Չեխիան կարտահանձնի Մուսլիմին Թուրքիա՝ հավելելով, որ Թուրքիան «խնդիրներ չունի քուրդ ժողովրդի հետ, միայն ահաբեկիչների»։

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Պրահայում Թուրքիայի դեսպանությունը Չեխիայի ԱԳՆ է փոխանցել Մուսլիմին արտահանձնելու պահանջը։

Թուրքական կայքը հավելում է, որ փետրվարի 12-ին Մուսլիմը ներառվել է «հետախուզվող ահաբեկիչների» ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ 

PYD-ի նախկին նախագահը օրերս Թվիթերում հրապարակել է Սիրիայում Թուրքիայի օպերացիայի արդյունքում զոհված երեխաների լուսանկարներ՝ Էրդողանին անվանելով «երեխաների մարդասպան»։

Անցյալ ամիս Թուրքիան Սիրիայի Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ընդդեմ քրդական զինուժի՝ YPG-ի, որը PYD-ի ռազմական թևն է։ 

Թուրքիան PYD-ն համարում է իր տարածքում «ահաբեկչական» հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղերից մեկը։

Կարդացե՛ք՝ Թուրքիան աչք է փակում ISIS-ի վրա. Սիրիայի քրդերի առաջնորդ