Այս մեղքը ես իմ վրա չեմ վերցնելու․ Սամվել Բաբայան

«Իգլա»-ի գործը սարքած է և շինծու․ այսպիսի համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել զենիթահրթիռային համալիրի ձեռք բերման և փողերի լվացման մեղադրանքներով։

Փետրվարի 26-ին Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության վերջին նիստն էր։ Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ «գնալու է մինչև վերջ»։

«Էս մեղքը ես իմ վրա չեմ վերցնելու։ Չեմ ցանկանում, որ իմ պետությունը անհարմար վիճակում լինի միջազգային դատական ատյաններում։ Այս ցիրկը լրիվ թարգեք»,- ասաց նա։

Բաբայանը դատարանում հերթական անգամ հաստատեց, որ գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն իրեն ցուցադրել է «Իգլա»-ի լուսանկարները, սակայն նա առաջարկել է զինամթերքը տրամադրել բանակին։

Առաջին ատյանի դատավճռի համաձայն՝ Սամվել Բաբայանը 2016թ․ Սանասար Գաբրիելյանին դրդել է մի խումբ անձանց հետ ձեռք բերել «Իգլա»-ն՝ խոստանալով վճարել 50 հազ․ դոլար։ Սանասարն էլ դիմել է Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին։ Նույն վճռում նաև ասվում է, որ Մայիլյանը Վրաստանում հանդիպել է Ռոբերտ Աղվանյանին, որը համաձայնել է 38 հազ․ դոլարով տրամադրել համալիրը։ Բաբայանն այսօր դատարանում ասաց, որ «Մայիլյանը ամենագլխավոր գործիքն է, նա պետական մեղադրողի հետ պայմանավորվել է»։

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը կարծում է, որ գաղտնալսված հեռախոսազրույցները կիսատ են վերծանվել մեղադրանքում, ինչպես նաև դառավճռում։ Ըստ նրա՝ մեղադրանքն առաջադրվել է «կոնտեքստից կտրված հատվածների հիման վրա»։

«Կոնտեքստից հանել են մասեր, որտեղ իրանց պետք է։ Սա չի կարող հիմք հանդիսանալ մեղադրանք ներկայացնելու համար»,- պնդեց Բաբայանը։

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատավճռիռը և ազատ արձակել իր պաշտպանյալին։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին։

Բացի Բաբայանից այս գործով անցնում է ևս 6 մարդ։ Նրանցից Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է երեք տարվա, իսկ Արմեն Պողոսյանը՝ երկու տարվա ազատազրկման։ Մյուսների նկատմամբ նշանակվել է փորձաշրջան։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել