Բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Սյուզան Մուրը (Suzanne Moore) այցելել է Հայաստան և ծանոթացել երկրում պտղի սեռով պայմանավորած հղիության արհեստական ընդհատումների և գենդերային անհավասարակշռության խնդրի հետ: The Guardian թերթում հրապարակած նրա հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև։
Թեև երեխայի սեռի արհեստական ընտրությունը արգելվել է, կանանց պակասը վտանգի տակ է դնում մի երկրի գոյությունը, որտեղ տղաները ավանդաբար համարվում են ընտանիքի հույս, իսկ աղջիկները՝ բեռ:
«Երեխայի սեռի ընտրության տարածվածության պատճառներից մեկը ընտանիքի ժառանգությունը պահպանելու ցանկությունն է և հավատը, որ տղաները կօգնեն իրենց ծնողներին ծեր հասակում: Աղջիկները մեծանում են, ամուսնանում և հեռանում: Տղաները ներդրում են: Աղջիկները ծախս են: Ես դա լսում եմ կրկին ու կրկին: Դա դժվար է տեղավորվում գլխում՝ հաշվի առնելով Երևանում բնակվող բազմաթիվ ժամանակակից կանանց` նրանք բժիշկներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ են։ Կանանց նկատմամբ ամենամեծ ճնշումը հաճախ գործադրվում է այլ կանանց` ամուսնու մոր կողմից»,- գրում է հեղինակը։
Երևանի «Սևան» բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչյա Խալաֆյանը ցնցված էր՝ առաջին անգամ լսելով հայ կանանց և տղամարդկանց թվաքանակի մասին: «Մենք բոլորս ցնցված էինք»,- ասում է Խալաֆյանը, ով իր աշխատակիցներին արգելել է այդպիսի հիմքերի վրա արհեստական հղիության ընդհատումներ իրականացնել:
Եթե առաջ հայ կանայք հաճախ ունենում էին յոթ-ութ երեխա, այսօր նրանք միջինը ունենում են մեկ երեխա։ Հայաստանը ծայրահեղորեն կարիք ունի այն կանանց, որոնց կորցնում է։ «Մենք տարեկան 1400 աղջիկ ենք կորցնում: Ո՞ւմ հետ են մեր տղաները ամուսնանալու ապագայում: Ինչպե՞ս կպահպանենք հայ ազգը: Մենք ընդամենը երեք միլիոն ենք։ Նման կորուստների իրավունք չունենք: Շուտով նույնիսկ աղջիկ ունենալու համար կին չի մնա»,- ասում է Խալաֆյանը:
Գենդերային անհավասարակշռություն
Չնայած «տղա նախընտրելը» մեղմասածություն է, այն հեռու չէ իրականությունից: Կովկասում և Ասիայում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվն աճում է (Հայաստանը՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը), և դա կշարունակվի ծնելիության անկմանը զուգահեռ:
2010թ. Հայաստանում վիճակագրությունը ցույց տվեց գենդերային անհավասարակշռությունը. յուրաքանչյուր 100 նորածին աղջկան բաժին էր հասնում 115-120 տղա:
2011 թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սկսել է պայքարել սեռի արհեստական ընտրության դեմ, իսկ 2017թ. կազմակերպությունն սկսել է գլոբալ ծրագիր` կանխելու այն: Նախնական դիմադրությունից հետո ծրագրին միացան նաև Հայաստանի իշխանությունները: Երկիրն արդեն իսկ տեսնում է առաջին արդյունքները: 2014թ. հաշվեկշիռը 114 տղա – 100 աղջիկ էր, իսկ անցյալ տարի՝ 110 տղա – 100 աղջիկ։
Գավառի դպրոցի ուսուցիչները ուշադրություն են դարձրել գենդերային հավասարակշռությանը. դպրոցում տղաները ավելի շատ են, քան աղջիկները: Արաքսյա Վերդանյանը խոսում է պատերազմի՝ ժողովրդի վրա թողած ազդեցության մասին։ Հայաստանը Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պատերազմ է մղում: «Մեր զինվորները մեռնում են ամեն օր: Աղջիկները մեզ պետք են՝ բնակչությունը վերականգնելու համար։ Տղաները՝ սահման պաշտպանելու»,- ասում է նա: Այստեղ արական սեռի յուրաքանչյուր երեխա հեթական զինվոր է:
«Ձեր զենքը խոսքն է»
Այս ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարում հոգեբան Ինգա Հարությունյանը։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորում են երիտասարդ քահանաները: Բոլորը կրթված երիտասարդ տղաներ են:
Հարությունյանը կապեր է հաստատել եկեղեցու հետ: Նա պատմում է հին հայկական թագուհիների և աստվածուհիների մասին: Սակայն ամենակարևորն այն է, թե ինչպես է նա դիմում քահանաներին: «Դուք եկեղեցու սպասավորներ եք, Ձեր զենքը խոսքն է»: Հետո նա հատվածներ է մեջբերում Աստվածաշնչից, որտեղ ընդգծվում է կանանց նկատմամբ հարգանքը:
Ոչ միայն իշխանությունների ու քաղաքացիական հասարակության, այլև եկեղեցու աջակցությունը ստանալը մեծ ձեռքբերում է: Սա Հայաստանում անհրաժեշտ մոտեցում է՝ չօտարել, այլ քարոզել աղջիկների և կանանց ունեցած դերի կարևորությունը տարբեր մշակութային խավերի համար։ Եվ այս մոտեցումը արդյունավետ է:
«Մենք աղջիկներին թշնամաբար չենք վերաբերվում, ինչպես Հնդկաստանում»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտող Վահան Ասատրյանը: Նա խոսում է ծնելիության անկման մասին: Բոլորը շտապում են նշել, որ խոսքը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հավանության կամ դատապարտման մասին չէ: Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները պարզապես մեթոդն է, որով կատարվում է սեռի ընտրությունը: Դրա իրավունքը քաղաքակրթության նվաճումներից է: Հայաստանում այն թույլատրվում է առանց սահմանափակումների՝ մինչև հղիության 12-րդ շաբաթը:
Եթե այս միտումը չփոխվի, մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93 000 աղջիկների: Բոլորը խոսում են կանանց ընտրության և հնարավորությունների ընդլայնման մասին: «Հետաքրքիր է՝ ոչ ոք չի մեղադրվում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում… Բոլորը լուծման մաս են կազմում», – ասում է Ասատրյանը:
«Մենք չենք կարող երկու տարվա ընթացքում փոխել գենդերային նախապաշարումները, բայց կարող ենք մատնացույց անել վիճակագրությունը և հիշեցնել մարդու իրավունքների մասին»:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի