Կգործարկվի ավտոմեքենաների մաքսազերծման առցանց հաշվիչ

Պետեկամուտների կոմիտեի կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ: Այս մասին, b4b.am-ի փոխանցմամբ, հայտարարել Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը։ Ըստ նրա՝ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինը 20 րոպե:

«Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017 թվականից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ինչպես գիտեք, առկա են նոր ավտոմեքենաների գները, իսկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի մեքենաների արժեքները: Արդեն առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել:

Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է ­­­­68 տոկոս»,- հայտնել է Սամվել Ավետիքյանը:

Մեկնաբանել