Փետրվարի 27, 2008․ Ազատության հրապարակում բռնվում են ԱԱԾ աշխատակիցներ, խուզարկությունները շարունակվում են

2008-ի փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ընդդիմության զանգվածային հավաքները շարունակվում են։ Նախորդ օրը Սերժ Սարգսյանի աջակցության հանրահավաքին եկած քաղաքացիները զանգվածաբար միացել էին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լևոն Տեր-Պետրոսյանին։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը յուրահատուկ կատակով է մեկնաբանում այս փաստը. «Ընտրված նախագահն ասաց, որ մյուս հրապարակում հավաքվածները ևս մեր քույրերն ու եղբայրներն են, և մարդիկ գնացին տեսնելու, թե իրենց ինչպես են զգում իրենց քույրերն ու եղբայրները»։

Փետրվարի 27-ին շուրջօրյա հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է Ռոբերտ Քոչարյանի՝ Ազատության հրապարակում անօրինական հավաքների մասին հայտարարությանը։ Քոչարյանը փետրվարի 26-ին հայտարարել էր, թե հավաքներն անօրինական են, ու պիտի դադարեցվեն, և որ իշխանությունների համբերությունն անսպառ չէ։

Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանը օրինականությունից խոսելու բարոյական իրավունք չունի, քանի որ 1998 և 2003 թվականներին դարձել է նախագահ՝ օրենքի խախտմամբ. «Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական։ Սահմանադրությամբ նա ո՛չ 1998 թվականին, ո՛չ 2003 թվականին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվել նախագահի պաշտոնի համար… եթե մեր արածը խուլիգանություն է, նրա արածը հազարապատիկ խուլիգանություն է»։ Տեր-Պետրոսյան նշում էր, որ Քոչարյանը ևս մեկ անգամ խախտել է Սահմանադրությունը՝ իրեն միացած դիվանագետներին դիվանագիտական կոչումներից զրկելով։ Նա հավաքվածներին վստահեցնում է՝ իրենց հետ Հայաստանի համար հոյակապ հեռանկարներ են բացվում, իրավապահ մարմինների որոշ անդամներ շարունակում են միանալ շարժմանը։

Հրապարակում սկսված գործընթացը Տեր-Պետրոսյանը համարում է «դասական բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որի էությունը տնտեսության ու տնտեսվարողների ազատությունն է ֆեոդալիզմի ճիրաններից»։

Խուզարկություններն ու ճնշումները Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ շարունակվում են։ Տեղեկություններ են ստացվում, որ ընդդիմության հավաքների մասնակիցները հրավիրվում են ոստիկանություն, ազատվում են աշխատանքից կամ զրկվում սոցիալական նպաստից։ Ոստիկանությունը շարունակում է հայտարարել, թե հավաքներն անօրինական են և որ իրենք պահպանելու են սահմանադրական ու հասարակական կարգը։ Նրանք օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանում են հարթակ՝ հանրահավաքների ակտիվ մասնակից, սփյուռքահայ Սարգիս Հացպանյանին բերման ենթարկելու համար։ Դա այդպես էլ տեղի չի ունենում։

Փետրվարի 27-ին Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, որը միացել էր Տեր-Պետրոսյանին, մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու ու ապօրինի զենք կրելու համար։ Ավելի վաղ բերման ենթարկված մեկ այլ անձի՝ ազատամարտիկ, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Այվազյանին նույնպես մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ձերբակալվում է նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանի եղբայրը՝ Սերյոժա Սիրադեղյանը։ Նրա տնից իրավապահները հրացան են հայտնաբերում։ Ոստիկանությունը Ազատության հրապարակի մերձակայքում արգելում է մեքենաներ կայանել։

Անդրադառնալով ԱԱԾ այն հայտարարությանը, թե հեղաշրջման փորձ է արվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է վերջիններիս. «Այո, կատարվում է պետական հեղաշրջում, և կատարվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, մենք էլ այստեղ հավաքվել ենք այդ հեղաշրջումը կանխելու համար»։ Փաշինյանը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանի տապալված հանրահավաքից հետո իշխանությունները «Հարսնաքար» ռեստորանում «դարդից խմել են»։

Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին խորհրդարանում պատասխանում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի՝ քաղաքական հետապնդումների մասին հարցին։ Սերժ Սարգսյանն ասում է, թե վերջին շրջանում անօրինական զենքի առգրավման ծավալները մեծացել են. «Ինձ համար անօրինական զենքը անօրինական զենք է համարվում անկախ նրանից, դա կլինի պատգամավորի, հասարակ քաղաքացու, թե ԵԿՄ անդամի մոտ»։

Չնայած Ազատության հրապարակում փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանի համագործակցության առաջարկը բացասական վերաբերմունքի ու ծաղրանքի է արժանանում՝ վերջինս խորհրդարանի ամբիոնից դարձյալ դիմում է ընդդիմադիրներին. «Խնդրում եմ բոլորին, ով պատրաստ է համագործակցության, արձագանքել իշխանությունների կոչին, և այն ժամանակ այդ ամենը կտեղափոխվի գործնական դաշտ»։ Կոչին արձագանքում է նախագահի թեկնածուներից Արտաշես Գեղամյանը։ Նա հայտարարում է, թե հանուն հայ պետականության անառիկության պատրաստ է համագործակցել Սարգսյանի հետ։

Ընդդիմությունը նորից հզոր հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի Կենտրոնում։

Օրվա վերջում «Ժառանգությունը» տեղեկացնում է, թե երեք երիտասարդ Ազատության հրապարակից ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ծեծի են ենթարկվել։

Ոստիկանություն են շտապում «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը։ Նրանց նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվում, ոստիկանները կոտրում են «Ազատություն» ռադիոկայանի ձայնագրիչը։

Նույն օրը գիշերը հավաքի անվտանգությունն ապահովող քաղաքացիները բռնում են երկու երիտասարդների, ովքեր ցուցարարներին մոտենալով՝ կոչ են անում բռնի գործողություններ սկսել իշխանությունների դեմ։ Ցուցարարները երիտասարդներին համարում են սադրիչներ։ Երեք երիտասարդներին ներկայացնում են Տեր-Պետրոսյանին։ Նրանց մոտից հայտնաբերվում են տարբեր գրություններ, գաղտնալսող սարքեր և ձայնագրություններ։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտարարում է, թե այդ մարդիկ ԱԱԾ աշխատակիցներ են։ «Երեկ ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրև «սադրիչներ»՝ հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն, կատարելով օրենքով վերապահված սահմանադրական կարգի պահպանման և ժողովրդի անվտանգության ապահովման գործունեությունը, հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ է վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղական տրամադրված մասնակիցների մոտից առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր և պայթուցիկ նյութեր, որի վերաբերյալ ԱԱԾ Քննչական վարչությունը վեց անձանց հանդեպ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 300 հոդվածի հատկանիշներով: Դա փաստում է այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ն գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում՝ ապահովում է հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»։

Մի քանի ամիս անց, այն մարդիկ, ովքեր հայտնաբերել էին ԱԱԾ աշխատակիցներին ցուցարարների շարքերում, ազատազրկվում են։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել