ԴԱՀԿ-ի հաշվապահը մեղադրվում է 18,5 մլն դրամ հափշտակելու համար

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահը մեղադրվում է խոշոր չափերով՝ 18 մլն 575 հազար գումար հափշտակելու մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է․ «Արմեն Խաչատրյանը, 2009-2016թթ․ զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՇՄ բաժնի հաշվապահի պաշտոնը, 2015թ. հունվարի 22-ից մինչև 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում դրամարկղային շարժի վերաբերյալ հաշվետվություն չի մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 18 մլն 575 հազար ՀՀ դրամ գումար»։

Գործը քննվում է Շիրակի մարզի դատարանում՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։ Ամբաստանյալը ստորագրությամբ բաց է թողնվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով՝ «յուրացնել» կամ «վատնել»։ Եթե մեղադրանքը հիմնավորվի, Արմեն Խաչատրյանի նկատմամբ նշանակվելու է պատիժ ազատազրկման տեսքով՝ 5-8 տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել