ՀՀԿ-ն կողմ է Մարտի 1-ի հարցը քննարկելու ԵԼՔ-ի առաջարկին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն այսօր կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին։ Փետրվարի 21-ին ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք»-ի այս հայտարարության նախագծին։

Նախագծով դատապարտվում է 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունները, իրավապահներից պահանջվում է սեղմ ժամկետում բացահայտել ու պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին, առաջարկվում է արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ու վիրավորներին։

Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր խոսքում նշեց, թե այդ հայտարարության նախագիծն իրենց մտահոգությունները չի փարատում, սակայն առաջարկեց քննարկման առարկա դարձնել Մարտի 1-ին վերաբերող հայտարարությունը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց. «Հայաստանի Հանրապետական խմբակցությունն առաջարկում է, որ մենք քննարկման առարկա դարձնենք այս հարցը, որ բացեր չմնան։ Դրա համար մենք կողմ ենք քվեարկելու»։

Խորհրդարանը քննարկելու է Մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հայտարարությունը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել