Թուրքիան նախազգուշացնում է Չեխիային

Չեխիայում Թուրքիայի դեսպանը չեխական իշխանությունների նախազգուշացրել է, որ քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին ազատ արձակելու որոշումը Անկարան կդիտարկի որպես «ահաբեկչությանը սատարելուն համարժեք քայլ»։

Այս հայտարարությունը հնչել է չեխական դատարանի՝ PYD-ի առաջնորդի գործով որոշում կայացնելուց մեկ օր առաջ։

«Մենք չենք ուզում անգամ մտածել, որ նա կարող է ազատ արձակվել։ Անկեղծ ասած՝ նրա ազատ արձակումը կմեկնաբանվի որպես ահաբեկչության սատարում»,- ասել է դեսպան Ահմեթ Նեջաթի Բիգալին։

Մուսլիմը ձերբակալվել է փետրվարի 24-ին Պրահայում՝ Թուրքիայի պահանջով։ Վերջինս քուրդ առաջնորդին մեղադրում է «պետության միասնությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու» փորձերի մեջ։

Մուսլիմը ներառված է Թուրքիայի «հետախուզվող ահաբեկիչների» ցանկում։

Սիրիայի քուրդ առաջնորդը Թուրքիայի պահանջով ձերբակալվել է Պրահայում

2014թ․ Al-Monitor-ի սյունակագիր Ամբերին Զամանին տված հարցազրույցում Մուսլիմն ասել էր, որ «Թուրքիան աչք է փակում Իսլամական պետության գործողությունների վրա», և «Թուրքիայում կան այսպես կոչված մարդասիրական կազմակերպություններ, որոնք օգնում են ԻՊ-ին»:

Մեկնաբանել