Լավ ժամանակ անցկացնելու իմ իրավունքը․ ինչպե՞ս են հարմարեցված Երևանի կինոթատրոնները

Ինչքան էլ ես ինձ չեմ սահմանափակում կյանքում, միևնույն է, երբ գիտես, որ ինչ-որ բան քեզ անհարմարություն է պատճառելու, սկսում ես խուսափել դրան առնչվելուց։

Վերջին ներկայացումը, որին ես ներկա եմ գտնվել եղել է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում «Չարենցի ուղղիչ տունը» բեմադրությունը։ Չարենցի կյանքով հետաքրքրված եմ ու հաճույքով նայեցի ներկայացումը։ Բայց ցանկացած նման մշակութային միջոցառման այցելելիս ես որոշում եմ, որ այլևս չեմ գնա։ Պարոնյանի անվան թատրոնում մուտքը հարթ էր, հեշտ ներս մտա, բայց հետո ստիպված էի բազմաթիվ աստիճաններ հաղթահարել։ Ինձ, իհարկե, օգնեցին բարձրանալ, իսկ վերջում օգնեցին իջնել, բայց դա տհաճ է ինձ, դժվար՝ աշխատակիցների համար։

Մի խոսքով, ամեն անգամ համերգասրահ կամ թատրոն հաճախելիս, զգում եմ ինձ Ֆորտ Բոյար խաղում, որտեղ պետք է հաղթահարել մի շարք փորձություններ։

Կան թատրոններ և ժամանցի այլ վայրեր, որտեղ հասնելն անիմաստ է, ու կան վայրեր որ անգամ առանց սայլակի մարդիկ բարձրանալու դժվարություններ են ունենում։ Չնայած հայտնի է, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցողներին, հարմար է բոլորին։

Զավեշտալի է, բայց երբեմն ինչ-որ թատրոն, համերգասրահ կամ սրճարան այցելելիս զանգում եմ ու նախօրոք տեղեկանում դրա հարմարավետության մասին։ Այժմ, matcheli.am կայքն է քարտեզագրում բոլոր հարմարեցված վայրերը, բայց այն նոր է ու դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ ակտիվորեն համալրեն քարտեզը հարմարեցված վայրերով։

Ժամանակի ընթացքում շատ քիչ վայրեր եմ բացահայտել, որ լիովին հարմարեցված են։ Հետաքրքրության համար ընտրեցի քսան ժամանցային վայր ու փորձեցի պարզել դրանցից քանիսն են ամբողջովին հարմարեցված։ Քսան կինոթատրոններից, թատրոններից ու համերգասրահներից միայն չորսն են, որ ունեն բոլոր նվազագույն հարմարությունները՝ թեքահարթակներ, վերելակ, հարմարեցված սանհանգույց ու մատչելի անցուղիներ։ Դրանք են՝ Տիկնիկային թատրոնը, Նարեկացի արվեստի միությունը, Կինոպարկն ու Սինեմասթարը։ Ավելի հարմարեցված է դարձել Մոսկվա կինոթատրոնի տարածքը, հատկապես դրա մեծ դահլիճները։ Մնացած դեպքերում հարմարեցված են միայն շքամուտքերը։ Այլ թատրոնները կամ ունեն փոքր-ինչ մատչելի մուտքեր բայց հարմար չեն ներսում տեղաշարժման համար կամ ընդհանրապես հասանելի չեն:

Բայց սրանք միայն այն հարմարություններն են, որ պետք են ինձ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդուն։ Լսողական, տեսողական կամ այլ տիպի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված ներկայացումներ ու համերգներ գրեթե չեն լինում։

Նման վայրերը ի սկզբանե պետք է հարմարեցված կառուցվեն ու հաշվի առնեն բոլոր մարդկանց կարիքները։ Այսպիսով, երազանքների համերգասրահը կամ թատրոնը պետք է ունենա ազատ տեղեր անվասայլակով անձանց համար, ականջակալներ, որ ուժեղացնում են ձայնը ու սահմանափակում արտաքին աղմուկը, լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Հաճախ թատրոնները ունենում են բեմադրության/ֆիլմի սինխրոն թարգմանություն ժեստերի լեզվով։ Գոյություն ունեն նաև հատուկ ակնոցներ, որոնք թույլ են տալիս դիտել ֆիլմը ենթագրերով։ Հարմարեցվածության մաս են կազմում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կայանատեղիները սրահի մոտակայքում և սանհանգույցը։

Չեմ ուզում՝ թվա, թե խնդիրը միայն թատրոնների մեջ է։ Հարմարեցված չեն նաև սրճարանները, խանութները և ժամանցային ու սպասարկման ոլորտի բազմաթիվ այլ վայրեր։ Ու պետք է ընդունել, որ հարթ մուտքը դեռ բավարար չէ։ Եթե առանց աստիճանների մուտքը թույլ է տալիս մտնել տվյալ վայրը, քիչ դեպքերում է, որ դրանք ունեն, օրինակ, մատչելի սանհանգույց։

Ծագում է հարց՝ այսքան տարիների ընթացքում կառավարությունը չի՞ մտածել հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարություններ ստեղծելու մասին։ Իրականում, սրա մասին մտածել է նախկին քաղաքաշինության նախարարությունը՝ դեռ 2006 թվականին, ու արձակել է հրաման «Շենքերի և շինությունների մատչելիությունը, բնակչության սակավաշարժուն խմբերի համար շինարարական նորմերի հաստատման մասին»։

Ըստ հրամանի, քաղաքապետարանը չի կարող հաստատել ճարտարապետական որևէ նախագիծ, եթե այն չի համապատասխանում մատչելիության սահմանված նորմերին։ Իսկ եթե խախտումները կատարվում են շինարարների կողմից՝ չեն դրվում վերելակները կամ կառուցվում են վտագավոր թեքահարթակներ, ապա քաղաքապետարանի պատասխանատու վարչությունը պետք է թույլ չտա, որ շենքը հանձնվի շահագործման։ Նորակառույց շենքի հարմարություններին կարող են ծանոթանալ ու եզրակացություն կայացնել ՏԻՄ ներկայացուցիչները։ Սա ավելի ցավալի իրավիճակ է, քանի-որ չափանիշները կան, բայց ոչ ոք չի վերահսկում։ Եվ պետական մարմինները հիշում են խնդրի մասին, միայն մասնավոր բողոքներ ստանալիս։

Իսկ մասնակցել հնարավո՞ր է

Մշակութային կյանքի մաս դառնալ ոչ միայն նշանակում է հաճախել միջոցառումների, այլև երբեմն հնարավորություն ունենալ դառնալու դրա մասը։ Հայաստանում գրեթե չկան արվեստի խմբեր, որ ներգրավում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Թատերական խմբեր, նկարչություն, երգ, պար և արվեստի այլ խմբերը գրեթե չունեն հաշմանդամություն ունեցող մասնակիցներ։ Նախ, անշուշտ, ունենք կարծրատիպերի ու բարդույթների խնդիր, բայց, նույնիսկ եթե ես ցանկանամ միանալ որևէ խմբի, դժվար կլինի գտնել նմանը։

Ամեն դեպքում, ես հնարավորություն ունեցել եմ զգալու՝ ինչքան մեծ է արվեստի դերը մարդու կյանքում։ 2015 թվականին ես մասնակցել եմ նմանատիպ ծրագրի։ Այն կազմակերպվել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը։ Մենք բեմադրեցինք «Սոխակ» ներկայացումը, որը ցուցադրվեց Տիկնիկային թատրոնում։ Կարճ ժամանակով դերասան լինելը լավ փորձառություն էր։ Կուզեի ավելի հաճախ հանդիպել հաշմանդամություն ունեցող անձանց, որ ակտիվ մասնակցում են Հայաստանի մշակութային կյանքին։

Մեկնաբանել