Բաքուն հայտարարում է, որ ԼՂ հարցի քաղաքական կարգավորումն «այլընտրանք չունի»

Պաշտոնական Բաքուն չի բացառում Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո երկու երկրների նախագահների հանդիպման անցկացում․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ին։ Հայաստանում նախագահին կընտրի Ազգային ժողովը մարտին։

«Երբ մենք վերջին անգամ զրուցում էինք համանախագահների հետ, մենք հաշվի առանք Հայաստանում և Ադրբեջանում նախընտրական տրամադրությունները և պայմանավորվեցինք վերադառնալ, երբ ավարտվի ընտրություններով պայմանավորված այդ էմոցիոնալ ֆոնը՝ քննարկումները շարունակելու համար։ Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք արդեն քննարկվել են նախարարների կողմից Կրակովում և մինչ այդ՝ Վիեննայում։ Այնպես որ, մենք լի ենք բանակցային գործընթացը շարունակելու ցանկությամբ և խանդավառությամբ, ինչի կոչ են անում համանախագահները՝ խոսելով բանակցությունների խթանման մասին»,- Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին հայտարարել է Մամեդյարովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է՝ Բաքվի համար ներկա պահին «գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման այլընտրանք»։ 

«Քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, պետք է էլ ավելի խթանել այդ գործընթացը, քանի որ բոլորը գիտեն՝ որ ճանապարհով է պետք գնալ, որպեսզի զորքերը վերադառնան զորանոցներ, մարդիկ վերադառնան իրենց տները, և խաղաղություն վերահաստատվի։ Մենք ցանկանում ենք բոլոր խնդիրները լուծել համագործակցության միջոցով, և այդպես մենք տեղից կշարժենք տհաճ այդ գործընթացը»,- հավելել է նա։

***

Բանակցային գործընթացը խթանելու և Ղարաբաղյան հիմնախնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու Մամեդյարովի այս հայտարարությունը հետևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս արած ռազմատենչ հայտարարությանը՝ «Երևանը վերադարձնելու» վերաբերյալ։

Փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը, ադրբեջանական տարածքներ են և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։

Ալիևի հայտարարությանն արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձել է պարզաբանել նախագահի հայտարարությունը՝ հայտարարելով, որ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին Իլհամ Ալիևը խոսել է ոչ թե Ադրբեջանի «պատմական հողերի վերադարձի», «այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու մասին»։

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ալիևի հայտարարությունը որակել էր «զառանցանք»։