Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վերաբացվել է

Փետրվարի 28-ին՝ առավոտյան ժամը 4։00-ին, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը իրավատեր երեք համայնքների հոգևոր առաջնորդների որոշմամբ վերաբացվել է․ այս մասին գրառում է արել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։ Նշվում է, որ փետրվարի 27-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի կողմից խնդրի շուրջ հաղորդագրություն է հրապարակվել, որի համաձայն՝ եկեղեցիներին հարկելու որոշումն առկախվում է։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը բանակցություններ է վարելու քրրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հետ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու համար։

Եկեղեցիների ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետի «կառուցողական միջամտությունից հետո» պատրաստ են աշխատել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ։

Իսրայելական Jerusalem Post-ը ընդգծում է, որ Նեթանյահուն միջամտել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Տաճարի փակումը կարող է դիվանագիտական մեծ վնաս հասցնել Իսրայելին։ Եվ Հորդանանը, և Պաղեստինը հայտարարել են, որ որոշումները վկայում են՝ «Իսրայելը սպառնում է Ավետյաց երկրում քրիստոնեական ներկայությանը»։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Իսրայելը հպարտ է լինել Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որտեղ քրիստոնյաները և բոլոր կրոնների հետևորդները ունեն կրոնի և դավանանքի լիարժեք ազատություն։ Իսրայելը տուն է ծաղկող քրիստոնեական համայնքի համար և ողջունում է ամբողջ աշխարհի իր քրիստոնյա ընկերներին»։

Հաղորդվում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը սառեցրել է եկեղեցիների հարկման գործընթացը, իսկ եկեղեցական կալվածքների վերաբերյալ օրինագիծը կասեցվել է։

Քրիստոնեական ամենամեծ սրբավայրը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի օրը փակել էր իր դռները ի նշան բողոքի։ Տաճարի իրավատեր համայնքների ներկայացուցիչներն այդկերպ իրենց դժգոհությունն են հայտնել Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման առնչությամբ, որով քրիստոնեական համայնքներից պահանջվում է քաղաքապետարանին հարկ վճարել եկեղեցիների և վանքերի համար։ Բողոքն ուղղված է նաև Քնեսեթում քննարկվող օրինագծի դեմ, որը պետությանը իրավունք է տալիս բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները, որոնք վարձակալությամբ տրված են անհատ ձեռներեցների։

Մեկնաբանել