Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

81 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Ալբերտ Մկրտչյանի բարեկամը։ Ռեժիսորը մահացել է տանը, երկարատև հիվանդությունից հետո։

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27–ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Ալբերտ Մկրտչյանը 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։

Ալբերտ Մկրտչյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կտրսեր եղբայրն էր։

Մեկնաբանել