Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմը՝ հարցականի տակ

Eurasianet.org-ի հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն (Giorgi Lomsadze) անդրադառնում է Վրաստանի և Եվրոպական Միության միջև անայցագիր ռեժիմի դադարեցման հավանականության մասին։

Մեկ տարի առաջ Վրաստանը մեծ խանդավառությամբ ընդունեց Եվրամիության որոշումը, որով Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել ԵՄ երկրներ։ Թվում էր՝ Վրաստանը սկսում է իրականացնել Եվրոպային միանալու իր վաղեմի երազանքը:

Սակայն այսօր վրացիները անհանգստանում են, որ իրենց անայցագիր ազատ ճանապարհորդությունը կարող է վտանգի ենթարկվել: Եվրամիության որոշ անդամներ բողոքում են, որ չափից շատ վրացիներ են դիմում քաղաքական ապաստան ստանալու համար, օգտվում անվճար բուժօգնությունից կամ դառնում հանցագործ տարր։

2017 թ. վերջին եռամսյակում Վրաստանից ավելի շատ ապաստանի դիմում է ներկայացվել, քան նախկին Խորհրդային Միության որևէ այլ երկրից, ինչը ավելի է մեծացնում Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի լարվածությունը: Միայն դեկտեմբերին դիմումների քանակը կազմել է 1 465 (դրանց ավելի քան մեկ երրորդը ներկայացվել է Գերմանիայում), ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է անցյալ դեկտեմբերի տվյալները։ Ընդհանուր առմամբ, ըստ Փախստականներին աջակցող եվրոպական գրասենյակի (European Asylum Support Office), վրաստանցի ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39 տոկոսով` մինչև 10 465 մարդ:

Այս թվերը հազիվ նկատելի են Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի թվերի կողքին: Սակայն աճի տեմպը հեռու չէ ԵՄ-ի սահմանած 50 տոկոսի շեմից, որի համաձայն ԵՄ անդամ պետությունը կարող է դիմել «այսպես կոչված կասեցման մեխանիզմի», յուրօրինակ փախուստի պլանի գործարկման համար։

Վրաստանի հետ համբերության բաժակը կարծես լցվում է հատկապես Գերմանիայում, որն ամենաշատն է տուժել Եվրոպայում փախստականների ճգնաժամից: Հունվարին Գերմանիայի ամենախիտ բնակեցված երկրամասի՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ինտեգրացիայի հարցերով նախարար Յոահիմ Շտամպը դաշնային կառավարությունից խնդրեց վերանայել Վրաստանի նկատմամբ վիզային քաղաքականությունը: Դրան հաջորդեց փետրվարի սկզբին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերի զգուշացումը Թբիլիսիին` դանդաղեցնելու ապաստան հայցողների հոսքը կամ ստիպված լինել համապատասխանել վիզայի նոր պահանջներին:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանեիլձեն շտապեց փարատել մտահոգությունները։ «Ես զրույց եմ ունեցել Գերմանիայի ներքին գործերի նախարարության, Գերմանիայի կանցլերի գրասենյակի և Բունդեսթագի անդամների հետ […], և առայժմ Կասեցման մեխանիզմի ակտիվացումը օրակարգում չէ», – ասաց նա փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Այն կարող է ի վերջո կախված լինել նրանից, թե արդյոք ապաստան հայցելու դիմումները կշարունակեն կուտակվել այս տարի։ Փորձը ցույց է տալիս, որ ապաստան հայցողների նախնական ալիքը հաճախ կարճատև է: «Նախկինում մենք նման փորձ ունեցել ենք Բալկանյան երկրների հետ: Սկզբում խնդիրներ կային,- ասել է Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դորոտա Դլուչի-Սուլիգան:- Նմանապես, մենք հուսով ենք, որ Վրաստանից հայտերի թիվը կկրճատվի»:

Մինչ այդ, Եվրամիության անդամ պետություններին՝ հատկապես Գերմանիային ու Շվեդիային, անհանգստացնում է այդ բեռը: Ցածր եկամուտ ունեցող վրացիների համար այդ երկրները շատ գրավիչ են՝ անվճար առողջապահության և այլ արտոնությունների համար։ Գերմանացի պաշտոնյաները նաև դժգոհում են, որ վրացիները ներքաշվում են հանցագործությունների մեջ՝ մինչ քննվում են նրանց ապաստանի դիմումները։ Սա հերթական անգամ վտանգի տակ է դնում ազատ վիզայի ռեժիմը, քանի որ ԵՄ կանոնների համաձայն՝ անդամ պետությունը կարող է սեղմել «կասեցման» կոճակը՝ «գործընկեր երկրի քաղաքացիների կողմից հանցավոր գործունեության ավելացման պատճառով»:

Եվրոպայում վրացի հանցագործների մասին բազմաթիվ պատմություններ կան `գողերից մինչև գանգստերներ, սակայն խնդրի իրական ծավալները դեռևս պարզ չեն: 2016թ., մինչև վիզայի ազատականացումը, Գերմանիայում որպես հանցավոր կասկածյալ Վրաստանի քաղաքացիների թիվը հասնում էր 6 451-ի՝ ըստ դաշնային ոստիկանության տվյալների: Թեև սա հանցագործության մեջ կասկածվող միգրանտների ընդհանուր թվաքանակի ընդամենը 1,1 տոկոսն է, այնուամենայնիվ սա ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, բացառությամբ Ռուսաստանի, որը շատ ավելի մեծ երկիր է (10 398 գրանցված քրեական հանցագործներ կամ ընդհանուրի 1,7 տոկոսը): Այնուամենայնիվ, այդ երկու երկրների տվյալները աննշան են՝ համեմատած այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, (գրեթե 70 000 կամ 11,3 տոկոս), Սիրիան (ավելի քան 39 000 կամ 6,3 տոկոս) և Ալբանիան (14,280 կամ 2,3 տոկոս):

Վրաստանի իշխանությունները այս ամիս խոստացել են նոր միջոցներ մշակել` զսպելու ապաստան հայցողների և հանցագործների արտահոսքը: Նոր օրենսդրությունը կխստացնի անվանափոխման ընթացակարգերը, ինչը կդժվարացնի ԵՄ-ից արտաքսված Վրաստանի քաղաքացիների՝ նոր ինքնությամբ Եվրոպա վերադարձը։

Առայժմ Թբիլիսին պետք է գոհացնի հիմնականում Գերմանիային, քանի որ որևէ այլ երկիր բացեիբաց չի դժգոհել։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ցուցանիշները շարունակում են վատթարանալ, քիչ է հավանականությունը, որ վրաստանցիների նոր իրավունքը հանկարծակի չեղյալ հայտարարվի: «Կասեցման մեխանիզմը ավտոմատ գործընթաց չէ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ ցանկացած փոփոխության համար, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինեն խոր դժգոհություններ ու մտահոգություններ Բրյուսելում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել