Մարտի 1-ին Հայաստանի իշխանությունը առաջին անգամ հեղեց սեփական ժողովրդի արյունը․ ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել 2008թ․ մարտի 1-ի տասներորդ տարելիցի կապակցությամբ, երբ ժողովրդի խաղաղ ցույցը ցրելու և կրակ բացելու արդյունքում զոհվեց տասը հոգի։ Կոնգրեսը մարտի 1-ին, ժամը 18։00-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղից կսկսվի երթ դեպի Մյասնիկյանի հրապարակ։

«2008թ․ մարտի 1-ի խաղաղ ցույցի գնդակահարումը աննախադեպ ոճրագործություն էր հայ ժողովրդի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի իշխանությունը հեղեց սեփական ժողովրդի արյունը։ Զոհվեցին առնվազն տասը անձինք, հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացածների թիվը հասավ մի քանի հարյուրի, մի քանի տասնյակ հազար մարդ ենթարկվեց տարաբնույթ հետապնդումների ու ճնշումների, շուրջ հինգ հազար հոգի բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ, հարյուր երեսուն հոգի կալանավորվեցին, ավելի քան հարյուրը ենթարկվեցին ակնհայտ անարդար դատավճիռների ու ապօրինի բանտարկության։ Հասարակության մեջ հաստատվեց ահաբեկության մթնոլորտ։

Անցել է տասը տարի, սակայն, չնայած Հայաստանի հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, ոճրագործությունը չի բացահայտվել, սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները չեն կանգնել արդարադատության առջև, հանցագործությունը իշխանությունների հրամանով պարտակվել է արդարադատություն իրականացնելու կոչված պետական մարմինների կողմից, մարտի 1-ը պետական մակարդակով այդպես էլ չի դատապարտվել, զոհերի իրավահաջորդները և տուժած այլ քաղաքացիները մինչ օրս չեն ստացել օրինական փոխհատուցում։

Միևնույն ժամանակ ձախողվեցին սպանությունների համար պատասխանատվությունը համաժողովրդական շարժման առաջնորդների և ակտիվիստների վրա դնելու իշխանության փորձերը։ Ի տարբերություն ռեժիմի, ժողովուրդը դրսևորեց երկրի կայունության և ապագայի հանդեպ բացառիկ պատասխանատվություն, սահմանադրականության ու օրինականության սահմաններում ժողովրդավարության և իր իրավունքների պաշտպանության համար տարիներ շարունակ հետևողական պայքար մղելու բացառիկ կամք։ Շինծու մեղադրանքներին և կեղծ դատավարություններին, զանգվածային հալածանքներին և ապօրինի ազատազրկումներին հակադրվեցին զանգվածային ցույցերը, հետևողական իրավական պայքարը և քաղաքական աշխատանքը միջազգային ատյաններում։ Տարիներ շարունակ ացնկացվող անդադար այդ զանգվածային ցույցերով համաժողովրդական շարժումը հարկադրեց ռեժիմին՝ համաձայնվել սպանությունների հետաքննության համար շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ փաստահավաք խմբի ստեղծմանը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերստին բացել Ազատության հրապարակը ցույցերի համար։

Այլևս ոչ մեկի համար հարցական չէ, որ մարտի 1-ի ոճրագործության ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը՝ այն յուրացրած վարչախմբի գլխավորությամբ։ Մարտի 1-ի դեպքերը հաջորդեցին 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները վերանայելու պահանջով ավելի քան տասը օր տևած բողոքի բազմահազարանոց խաղաղ ցույցերին։ Այն այլ բան չէր, քան ընտրակեղծիքների դեմ ընդվզած համաժողովրդական բողոքի ցույցերը զենքի ուժով ճնշելու միջողով իշխանությունը յուրացնելու ամփոփիչ գործողություն, որը նախապես մանրամասն ծրագրված էր վարչախմբի կողմից։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր ճյուղերով` գործադիր, օրենսդիր և դատական, ամբողջ իրավապահ համակարգը` ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, ինչպես նաև բանակը, ապօրինաբար ներգրավվեցին ոճրագործության իրականացմանը։ Մարտի 1-ի սպանդը դարձավ ներքաղաքական և ներհասարակական խնդիրները ահաբեկչությամբ և բռնությամբ լուծելու՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ սկիզբ առած հակապետական, կործանարար երևույթի հաջորդ ցիկլը։

Ոճրագործությունը ծանր հարված էր մեր պետականությանը և ժողովրդավարական պետական հաստատությունների նկատմամբ ժողովրդի վստահությանը։ Մարտի 1-ի ոճրագործության հետևանքով՝

– իշխանության և ժողովրդի միջև խորացավ անջրպետը, որը չի հաղթահարվել մինչ օրս,

– հասարակական գիտակցության մեջ իշխանության և պետության նույնացմամբ ժողովուրդն օտարվեց պետությունից, պետությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես օրինականության, անվտանգության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության երաշխավոր, այլ որպես հակառակորդ, ռեպրեսիվ, բիրտ մեքենա,

– հաջողված փորձով ոգևորված, հետագա տարիներին ևս բոլոր մակարդակների ընտրությունների սիստեմատիկ կեղծմամբ իշխանության յուրացումը և իշխանության կողմից ներքաղաքական ու ներհասարակական հարաբերություններում ահաբեկչության ու բռնության մեթոդական կիրառումը էլ ավելի աղճատեցին պետություն-հասարակություն հարաբերությունները, ներպետական և ներհասարակական խնդիրները լուծելու գլխավոր միջոցը սկսեց դիտարկվել բռնությունը, արմատներ ձգեց բռնությանը բռնությամբ պատասխանելու, ծայրահեղ միջոցների դիմելու մտածելակերպը, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

– Մարտիմեկյան չդապապարտված ու չպատժված ոճրագործությունը խթանեց արտագաղթի նոր ալիք՝ Հայաստանը կանգնեցնելով ժողովրդագրական աղետի շեմին,

– լրջորեն սասանվեց Հայաստանի միջազգային վարկը։

Բռնությունը բռնություն է ծնում, չպատժված, պարտակված հանցագործությունը ծնում է նորը, սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են: 1999թ-ի հոկտեմբերի 27-ով և 2008թ.-ի մարտի 1-ով հայոց պետականության և հասարակական համերաշխության ընդերքում խոշոր մի ական է դրված, որը մշտական անկայունության և ցնցումների դետոնատոր է։

Հայաստանը երբեք չի դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, քանի դեռ Մարտի 1-ի սպանդը չի դատապարտվել պետական մակարդակով, իսկ ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության չեն կանչվել և չեն կանգնել արդարադատության առջև։ Սա թե՛ քաղաքական անհրաժեշտություն է` որպես պետությունն առողջացնելու գլխավոր ճանապարհ, թե՛ իրավական պահանջ` իրավական, օրինապաշտ պետություն և հասարակություն կերտելու համար, և թե՛ բարոյական մեծ պարտք զոհերի հիշատակի ու նրանց հարազատների առջև։

Տասը տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Այդ պայքարը շարունակվելու է և մարտի 1-ի էջը չի փակվել։ Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն հետամուտ է լինելու ոճրագործության բացահայտմանը՝ հայոց պետականության ճակատից այդ խարանը մաքրելու համար։

Մեկնաբանել