«Էլ երբեք չեմ տեսնի աշխարհը»․ Ահմեթ Ալթանի ցմահ ազատազրկմանը ավելացել է ևս մեկ ժամկետ

Ստամբուլի դատարանը փետրվարի 28-ին թուրք հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին առանձին գործով դատապարտել է 5 տարվա 11 ամսվա ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու» և «նախագահին վիրավորելու» մեղադրանքներով։ 

Փետրվարի 16-ին Ահմեթ Ալթանը եղբոր՝ Մեհմեթ Ալթանի հետ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։  

Երեկ New York Times-ում լույս տեսած սյունակում Ահմեթ Ալթանը մասնավորապես գրել է․ «Մենք կյանքի մնացած օրերը կանցկացնենք միայնակ մի խցում, որն ունի երեք մետր երկարություն և երեք մետր լայնություն։ Արևի լույսը տեսնելու համար մեզ դուրս կտանեն ընդամենը օրական մեկ ժամով։ Մենք երբեք չենք ներվի և կմահանանք բանտախցում։ Դա է որոշումը։ Ես պարզում եմ ձեռքերս։ Նրանք ձեռնաշղթայում են ինձ։ Ես երբեք էլ չեմ տեսնի աշխարհը»։

Ահմեթ Ալթանը ձերբակալվել էր 2016թ․ սեպտեմբերի 10-ին։ Իր եղբոր հետ նա մեղադրվում է 2015-ի ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ։ Ալթանը Թուրքիայում ամենախիզախ և հավասարակշռված թերթի համարում ունեցող «Թարաֆի» հիմնադիրն էր ու գլխավոր խմբագիրը։ Թերթի էջերում հաճախադեպ էին հայկական թեմաներով հոդվածները։ 2008թ․ Ալթանը մեղադրվել էր թուրքականությունը վիրավորելու հոդվածով, պատճառը «Թարաֆում» Հայոց ցեղասպանությանն առնչվողն սյունակն էր։ Ահմեթ Ալթանն արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամի մրցանակին։ Թարաֆից հեռանալուց հետո էլ նա շարունակում էր հանդես գալ հրապարակումներով:

2012թ․ Ահմեթ Ալթանը հյուրընկլավել էր ՍիվիլՆեթում։ 

Կարդացեք նաև՝ «Ուշացած, բայց կարևոր»․ Թուրքիայի ՍԴ-ն երկու հայտնի լրագրողի ազատ արձակելու վճիռ է կայացրել