Վրաստանում մեկնարկել է «Ազատվենք ծխախոտի ծխից» խորագրով արշավ, որի նպատակը քաղաքացիների իրազեկումն է մայիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին։ Արշավի կարգախոսներն են «Շնորհակալություն, որ չեք ծխում» և «Մի՛ եղեք պասիվ»։
Վրաստանի հասարակական վայրերում ծխելու արգելքը վաղուց է գործում, սակայն սահմանված տուգանքները չնչին են և գրեթե չեն գանձվում։
«Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ այս տարվա մայիսի 1-ից փակ տարածքներում ծխելու համար տուգանքները էականորեն կաճեն․ ծխողի համար՝ 100 լարի (մոտ 40 դոլար), ռեստորանների ու սրճարանների սեփականատերերի համար՝ 500 լարի (մոտ 200 դոլար)։ Երկրորդ անգամ տուգանվելու դեպքում գումարը կրկնապատկվում է։ Տուգանքների տակ ընկնում են նաև էլեկտրոնային սիգարետ ծխողները։
500 լարիով կտուգանվի հասարակական, օդային և ծովային տրանսպորտի անձնակազմը, ինչպես նաև սեփականատերերը։ Բացառություն են կազմում միայն տաքսիները և մոտորանավակները։
Հյուրանոցների սեփականատերերը պարտավոր են 20 տոկոսով կրճատել ծխողների համար նախատեսված հյուրասենյակների թիվը։
Մայիսի 1-ից դեռ հնարավոր կլինի ծխել բանտերում և օդանավակայանների հատուկ նախատեսված վայրերում։ Ծխողները հնարավորություն կունենան այցելելու սիգար-բարեր, որոնք կստանան հատուկ արտոնագրեր միայն ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար։
Բացառության կարգով ծխել կթույլատրվի նաև բաց մարզադաշտերում։
Օրենքի կիրառումը վերահսկելու է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, ընդ որում, ոստիկանները կկարողանան օրինախախտներին տուգանել տեղում՝ առանց դատարանի որոշման։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ (33 տոկոս) ծխող է, 39 տոկոսն անընդհատ ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը։
Տեղեկատվական արշավի մեկնարկը տվել է Վրաստանի խորհրդարանը։
Հայաստան․ արգելված վայրում ծխողները կտուգանվեն 250 հազար դրամով
Այս տարվա նոյեմբերի 1-ից խոշոր չափի գումարով կտուգանվեն նաև Հայաստանի հասարակական վայրերում ծխողները։
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով տուգանք է նախատեսվում գրասենյակներում, խաղատներում, զվարճանքի օբյեկտներում, մշակութային անշարժ հուշարձաններում և այլ նշված տարածքներում ծխողների համար։
Օրինախախտները առաջին անգամ կտուգանվեն 250 հազար դրամով (մոտ 500 դոլար), 3 ամսվա մեջ նույն արարքը կատարելու դեպքում՝ 500 հազար դրամով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարել օրենքի նախագծի որոշ կանոններ: