Տրանսգենդեր կնոջ հետ կապված միջադեպի շուրջ

Փետրվարի 28-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում հրդեհ է և մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ լրատվամիջոցները սկսեցին գրել, որ հիվանդանոց տեղափոխվածը տրանսգենդեր կին է:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց փաստը և նշեց, որ այցելել է տուժածին:

«Վերակենդանացման բաժանմունքում է: Տվյալ անձը ոչ կարողանում է խոսել, ոչ շարժվել, ոչ մի ռեակցիա չի կարողանում տալ: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր: Աչքերի տակ ամբողջությամբ կապտուկներ են, գլուխը՝ փաթաթված»:

ՀԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ հետամուտ են լինելու արդար հետաքննության անցկացմանը։

Ոստիկանությունն այս առիթով տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ տուժածի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Փետրվարի 28-ին՝ ժամը 4.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի շքամուտքում աղմուկ է, և օգնություն են կանչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Ե. Կ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Է. Թ.-ի գլխին` պատճառելով վնասվածք»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

LGBTnews.am-ը գրում է, որ բերման ենթարկված քաղաքացին այս պահին ազատության մեջ է, «քանի որ դեռևս հետաքննություն է ընթանում»։