Մարտի 2-ին Երևան կժամանի Վրաստանի վարչապետը

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ:

Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Վրաստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հրավերով Երևան էր ժամանելու 2017թ․ դեկտեմբերի 1-ին, սակայն նրա այցը հետաձգվել էր։

Այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից կառավարության կազմի հաստատումից հետո։