Արմեն Սարգսյանը՝ ՀՀ չորրորդ նախագահ

Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին՝ կողմ 90, դեմ 10 ձայներով։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։

Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը, ընդդիմադիր մյուս՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ։

Երեկ խորհրդարանը քննարկեց նախագահի ընտրության հարցը։ Ելույթ ունեցավ միակ թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին։

Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները իրենց ելույթներում և Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ուղղած հարցերում ընդգծել են, որ առաջադրման իսկ պահից նա օրինականության հետ կապված խնդիր ունի, քանի որ չի կարողանում փաստաթղթերով հիմնավորել, որ 2011-ից ՀՀ քաղաքացի է։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից դիմելով Արմեն Սարգսյանին, հայտարարեց․ «Դուք Հայաստանի նախագահ չեք ընտրվում, դուք ընտրվում եք իշխող մաֆիայի, իշխող կլանի անդամ»։

Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում են ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը։ Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշում է, որ չեպտք է քաղաքացիության փաստաթղթերի մեջ խորանալ. «Հայ մարդ է, եկել է, ուզում է իր կարողությունները ծառայեցնել հայրենիքին»։

 Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։