Մարտի 1-ից Վրաստան մտնող մեքենաները պետք է պարտադիր ապահովագրվեն

Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում․ այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:

Ապահովագրական փաթեթի արժեքներն են․

  • Մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ – 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:
  • 9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ – 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:
  • 3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ – 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի
  • Բեռնատարների կցորդիչներ – 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:

Մեկնաբանել