ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններում Գարեգին Մելքոնյանը առևտրական հարցերով բանակցողն էր, 2017թ․ մարտին Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրողներից էր։
Առանձին հրամանագրերով Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Ինդոնեզիայում ՀՀ դեսպան։