Ռուսաստանն ամփոփել է 2017թ․ սպառազինությունների արտահանման արդյունքները

Ռուսաստանում ամփոփել են 2017թ․ սպառազինությունների արտահանման պաշտոնական արդյունքները։ Այդ ընթացքում, ինչպես նշում է «Կոմերսանտ» թերթը, կնքվել են ընդհանուր առմամբ ավելի քան 16 մլրդ դոլարի նոր գործարքներ, պատվերների փաթեթը մոտեցել է 50 մլրդ դոլար շեմին, ինչը թույլ է տվել Ռուսաստանին պահպանել երկրորդ տեղը սպառազինությունների շուկայում։ 

New Defense Order Strategy ռուսաստանյան կայքը, ներկայացնելով 2017-ին Ռուսաստանի արտահանման կարևոր գործարքները, նշել է մայիսին Հայաստանին մատակարարված «Վերբա» 9К333 զենիթահրթիռային համալիրները։

«Հայաստանը ձեռք է բերել «Վերբա» 9К333 նորագույն զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ՝ դառնալով այդ համալիրի առաջին հայտնի օտարերկրյա պատվիրատուն»,- գրում է կայքը։

Մյուս կարևոր պատվիրատուների թվում, բացի Հայաստանից, նշվում են Թուրքիան, Հունաստանը, Մյանման, Բանգլադեշը, Բելառուսը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Հասարակածային Գվինեան։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի պատվիրատուների թվում Ադրբեջանը չի հիշատակվում։ 

«Կոմերսանտի» տվյալներով՝ 2017թ․ Ռուսաստանն Ալժիրին մատակարարել է «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Այսպիսով Ալժիրը դարձել է այդ համակարգի երկրորդ ստացողը Հայաստանից հետո։

Հայաստանի կողմից «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակի ձեռք բերման մասին 2017թ․ ապրիլին «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտնել էր ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը: Հայաստանի զինված ուժերում «Վերբա» համալիրների առկայության մասին դա առաջին հիշատակումն էր:

 

Ստելլա Մեհրաբեկյան