Ֆրանսիան դատապարտում է «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ «Երևան վերադառնալու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ։

«Շատ կարևոր է նշել, որ Ֆրանսիան արդեն արձագանքել է այդ հայտարարությանը,- ասել է դեսպանը։- Հայտարարությունը դատապարտում է այն ամենը, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը»։

Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիայի հայտարարությունը միանշանակ էր։

Փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը, ադրբեջանական տարածքներ են և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։

Փետրվարի 20-ին Ֆրանսիայի արտգործնախարարությունում մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Ֆրանսիան հստակ ներգրավված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված լուծման որոնումների գործում։ Ֆրանսիան կոչ է անում հակամարտության կողմերին բարի կամք դրսևորել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և ձեռնպահ մնալ որևէ հայտարարությունից և գործողությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Բաքվին դուր չի եկել Փարիզի հայտարարությունը

 

Անի Փայտյան