Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել Գագիկ Հարությունյանը, որը մինչ այդ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

«ՀՀ դատական օրենսգրքի 84 և 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն Խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում:

Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:

Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց Խորհրդի առաջիկա անելիքները»,- ասված է ՍԴ մամուլի հաղորդագրության մեջ։

***

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 28-ին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին։ Սա նոր մարմին է, որը փոխարինելու Արդարադատության խորհրդին։ Այս մարմնի գործունեության շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի և փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամները։

1. Արմեն Բեկթաշյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական
մասնագիտացում /

2. Անի Մխիթարյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան,
քաղաքացիական մասնագիտացում /

3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/

4. Արմեն Խաչատրյան – 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան,
քաղաքացիական մասնագիտացում/

5. Ռուզաննա Հակոբյան – 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական
մասնագիտացում/

Մեկնաբանել