Բացահայտել Րաֆֆի Տուտագլեանի դեմ հանցանքի պատճառներն ու իրագործողներին․ Արսինե Խանջյանը՝ ՀՅԴ-ին

Փետրվարի 26-ի երեկոյան Լիբանանի Բուրջ Համուդ հայկական թաղամասում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։ Տուտագլեանը ՍիվիլՆեթում և մի քանի այլ լրատվամիջոցներում հրապարակումներով է հանդես գալիս «Նամակ երկրէն» խորագրի ներքո, որտեղ քննադատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վերնախավերի ու կառույցների փտածությունը։

Տուտագլեանի նկատմամբ բռնարարքը մեծ արձագանք է ստացել Սփյուռքում և հանգեցրել բուռն բանավեճի։ Դերասան, պրոդյուսեր Արսինե Խանջյանը Ֆեյսբուքում Տուտագլեանին բնութագրելով որպես մեկը, ով մշտապես բարձրաձայնել է ճշմարտությունը, գրել է․ «Իմ սփյուռքը ունի հայրենիքի՝ Հայաստանի մասին խոսելու ամեն իրավունք»։

Հալեպահայ ազգային գործիչ Մանուէլ Քէշիշեանը, ցավով անդրադառնալով Րաֆֆի Տուտագլեանի դեմ բռնությանը, եզրակացրել է՝ հայերս «ազգովի և՛ Րաֆֆի ենք, և՛ Րաֆֆիին ծեծողը»։

Միջադեպի մասին հայտնի դառնալուց օրեր անց՝ մարտի 5-ին, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել, որում Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ կատարվածը որակել է «անընդունելի և դատապարտելի»։

Միևնույն ժամանակ, հստակ ընդգծվել է՝ «դեպքը ոչ մի կապ չունի Դաշնակցության հետ», և կատարվածի պատասխանատվությունը կուսակցության վրա բարդելը «անպատասխանատու մոտեցում է և անընդունելի մեղադրանք»։

«Խոսքի և խղճի ազատությունը ՀՅԴ-ի առաջնահերթ սկզբունքներից են և այդպես էլ կմնան։ Դեպքից հետո ստեղծված հակադաշնակցական մթնոլորտն ինքնին բացատրում է արարքի հետևում առկա գաղտնի նպատակները»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Արսինե Խանջյանն արձագանքել է ՀՅԴ-ի հայտարարությանը՝ կարծիք հայտնելով, որ հաղորդագրությունը չպետք է հանգեր քաղաքական կուսակցության «արդարացման կամ պաշտպանության», որը համարում է, որ ենթարկվում է «անտեղի մեղադրանքի մի հանցագործության համար, որը տեղի է ունեցել իր տարածքում, իր իրավասության տակ, իր կենտրոնակայանից երկու քայլ հեռավորության վրա»։

«Դաշնակցության հայտարարությունը թերի է, պաշտպանական, անընկալունակ՝ բացառությամբ սեփական «ես»-ի հանդեպ, և մեծապես երեսպաշտական։

[…]

Հարձակումը որպես Դաշնակցության քննադատությանը միտված քայլ ներկայացնելը ոչ բացատրություն է, ոչ էլ՝ արդարացում։

Դեպքը չի վերաբերում ՀՅԴ-ին։ Այն վերաբերում է ՀՅԴ-ի մերձակայքում Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ վերաբերմունքին։

Այն, ինչ ակնկալվում է ՀՅԴ-ից այս պահին, լուրջ հետաքննությունն է՝ պարզելու, թե ինչու, ինչպես և ում կողմից է իրականացվել հանցավոր այս բռնարարքը մի մարդու դեմ, որն արժանանում է իր համայնքի մեծ հարգանքին իր գործունեության համար։

[…]

Այս պահին ՀՅԴ-ն մեզ բոլորիս ներկայանում է որպես իր տանը տեղի ունեցած հանցանքի անհոգ և պասիվ ականատես։ Հետևաբար, պատասխանատվություն է կրում հենց ՀՅԴ-ն՝ մինչ չապացուցվի հակառակը։

Մենք չենք ակնկալում Րաֆֆի Տուտագլեանի հասցեին կարեկցանքի հովանավորչական արտահայտություններ։ Մենք պահանջում ենք, որ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն Բուրջ Համուդի մյուս մարմինների հետ համատեղ բացահայտի Րաֆֆի Տուտագլեանի դեմ սոսկալի բռնարարքն իրագործողներին ու դրա պատճառները»,- գրել է Արսինե Խանջյանը։

Լուսանկարը՝ Արսինե Խանջյանի ֆեյսբուքյան էջից։ Րաֆֆի Տուտագլեանը՝ աջից առաջինը։

Մեկնաբանել