Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը մասնակիորեն կկասեցվի

Հայաստանի կառավարությունը մասնակիորեն կկասեցնի դեղատոմսով դեղեր վաճառելու մասին ընդունված որոշման գործողությունը։ Այն ուժի մեջ էր մտել մարտի 1-ից և քաղաքացիները հակավարակային, հակաբիոտիկ և հորմոն պարունակող դեղեր կարող էին ձեռք բերել բացառապես բժշկի կողմից տրամադրված դեղատոմսով։

Կառավարության որոշման գործողությունը մասնակիորեն կասեցնելու հիմնավորման մեջ առողջապահության նախարարությունը նշել է. « Նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»։

Առողջապահության նախարարությունը հույս ունի, որոշման գործողությունը մասնակիորեն կասեցնելով, ապահովել ավելի մեղմ անցում։ Որոշումը լիարժեք ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով՝ հուլիսի 1-ից։