Վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետ, 17 նախարար․ նոր կառավարության կառուցվածքը

Մարտի 6-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: 

2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն՝ ՀՀ կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարից՝ ներկայիս 18-ի փոխարեն:

Կառավարությունը կհամարվի կազմավորված, երբ նշանակված կլինի կառավարության անդամների երկու երրորդը: Նախագծով ամրագրվում են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Սահմանվում են ՀՀ կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև կառավարության անդամների գործունեության երաշխիքները:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:

Սահմանվում են կառավարության աշխատակարգը, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, հրաժարական ներկայացնելու կարգը:

Ընդունվելու պարագայում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին։

Նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, թեպետ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է ընթանալ դռնբաց:

Սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը, կառավարությանը, վարչապետին ու նախարարություններին ենթակա մարմինները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։ Համապատասխան նախագիծը հրապարակվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: