Թուֆենկյան հիմնադրամն ակնկալում է Րաֆֆի Տուտագլեանի ծեծի հետաքննություն և մեղավորների բացահայտում

Թուֆենկյան հիմնադրամը հայտարարություն է տարածել կառույցի տնօրեն Րաֆֆի Տուտագլեանի հետ կապված միջադեպի կապակցությամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը։ Հայտարարությունը՝ թարգմանաբար ստորև։

«Հանրությունը տեղյակ է, որ հայտնի գրող, ակտիվիստ և մարդասիրական գործունեություն ծավալող Րաֆֆի Տուտագլեանն անցյալ շաբաթ դաժան ծեծի է ենթարկվել Լիբանանում մարդասիրական առաքելությամբ գտնվելու ժամանակ։

Մեր անհանգստությունն ենք հայտնում դավադիր այս հարձակման առիթով, որը տեղի է ունեցել Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի սրտում։

Առկա են ապացույցներ, որ սա պատահական բռնարարք չէր։ Ընդհակառակը, առկա ապացույցներից պարզ է, որ հարձակումը կանխամտածված էր, և թիրախը Րաֆֆին էր։ Որևէ պարզ բացատրություն չկա առ այն, թե ով է իրականացրել այն և ինչու։

Որպես մտահոգ անհատ և քաղաքացի Րաֆֆին պարբերաբար գրում է սոցիալական պայքարի, անհավասարությունների և անարդարության մասին, որոնց առերեսվում են շատերն այսօր Հայաստանում։ Նրա հոդվածներին մեծապես հետևում են, և ամենևին էլ անհասկանալի չէ, որ նրա հրապարակումները հանգեցրել են այդ հարձակմանը։

Հենց այդ պատճառով սա հարուցում է մեր խոր մտահոգությունը։ Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է, և մեզ համար դժվար է ընդունել, որ ցանկացած մարդ, մարդկանց խումբ կարող էր գերադասել բռնությունը քաղաքացիական բանավեճին՝ սեփական անհամաձայնությունն ու առարկություններն արտահայտելու համար։

Մենք հատկապես անհանգստացած ենք՝ հաշվի առնելով Րաֆֆիի մասնագիտական կարգավիճակն ու գործունեությունը։

Որպես Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն՝ Րաֆֆին մեծ ներդրում է ունեցել հիմնադրամի նպատակների իրագործման գործում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդում, Արցախում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի զարգացում։ Ավելին՝ նրա աշխատանքը վեհորեն ծառայում է արդար, առաջադեմ և անվտանգ հայրենիքի մեր մեծ տեսլականին։

Մենք ակնկալում ենք, որ հանցագործության բացահայտման համար իրավասու մարմինները կանցկացնեն մանրակրկիտ հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։ Հանցավոր այսպիսի գործողությունները չեն կարող տեղ ունենալ մեր հայ համայնքում։

Մենք շարունակում ենք մեծապես գնահատել Րաֆֆիի ներգրավվածությունը քաղաքացիական հասարակությունում։ Լիահույս ենք, որ սոսկալի այս գործողությունը նրան հետ չի պահի իր ուղին շարունակելուց՝ ազատ և անկաշկանդ ձևով։

Րաֆֆիին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ բռնության և դրա շուրջ իրադարձությունների մասին ավելին՝ այստեղ։

Լուսանկարը՝ Րաֆֆի Տուտագլեանի Ֆեյսբուքի էջից։

Մեկնաբանել