Ադրբեջանը հայտարարում է հյուսիսում ահաբեկչական խմբի չեզոքացման մասին

Ադրբեջանը հայտարարում է, որ երկրի հյուսիսում հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում չեզոքացվել է ահաբեկչական խումբ․ փոխանցում են լրատվամիջոցները, հղում անելով երկրի Պետական անվտանգության ծառայությանը:

Հաղորդվում է, որ «Խաչմազ Ջամաաթի» ահաբեկչական խմբավորման անդամները՝ Սաբիր Արուլլա Մամեդով օղլու գլխավորությամբ, ծրագրել էին ահաբեկչական գործողություններ երկրի տարածքում:

Խաչմազ շրջանում օպերացիայի ընթացքում Ադրբեջանի ՊԱԾ հատուկջոկատայինները չեզոքացրել են Սաբիր Մամեդովին և Թառլան Սալիմովին, որոնք, ըստ հաղորդագրության, «դիմադրություն են ցուցաբերել»: Տեղում հայտնաբերվել են նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տարբեր տեսակի զենքեր:

Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների կազմում քիչ չեն Ադրբեջանի քաղաքացիները: Ադրբեջանցիները կռվում են նաև «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կազմում:

Մեկ տարի առաջ Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը ուշագրավ տվյալներ էր հրապարակել․ Ադրբեջանի 900-ից ավելի քաղաքացիներ համալրել են Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչների շարքերը։

«Վերջին տարիներին Ադրբեջանի 84 քաղաքացիներ են դատապարտվել [ահաբեկչական գործունեության համար]։ Վերջին մեկ տարվա ընթացքում 54 անձինք զրկվել են քաղաքացիությունից՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար», – տեղեկացրել էր Գուլիևը:

Այդ առիթով Meydan TV-ն գրել էր․ «Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում՝ դեռ 2001թ․ միանալով հակաահաբեկչական կոալիցիային և խաղաղապահներ ուղարկելով Աֆղանստան, որտեղ այժմ տեղակայված են շուրջ 100 ադրբեջանցի զինծառայողներ։

Երկրի ներսում Ադրբեջանը փորձում է խուսափել ծայրահեղականության աճից և խոստորեն պահպանել երկրի աշխարհիկությունը: Դեռ 1995թ. Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց Ադրբեջանի Իսլամական կուսակցության գրանցումը։ Տարիների ընթացքում կրոնական խմբերը՝ ինչպես սուննի, այնպես էլ շիա, թիրախավորվել են կառավարության կողմից»:

Մեկնաբանել