Այս տարի կսկսվի Վերին Լարսի թունելի շինարարությունը․ Վահան Մարտիրոսյան

Վերին Լարսի թունելի շինարարությունն այս տարի կսկսվի, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ վերանորոգման հարցով քննարկումներ եղել են, նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն։

«Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են Լարսի ճանապարհի ընդլայնման ու անցակետերի ավելի արդիականացման ուղղությամբ: Շինարարությունն այս տարի կսկսվի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան, իսկ թունելի կառուցումը՝ մի փոքր ուշ»,- ասել է նախարարը։ 

Խոսելով Հարավային Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին՝ Մարտիրոսյանը նշել է․ «Հայաստանը դիմել է Ռուսաստանին, որ Լարսին այլընտրանք գտնվի: Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է»: