Ակտիվորեն մասնակցել ենք ցյուրիխյան գործընթացին և տվել ենք մեր գնահատականը․ ՌԴ ԱԳՆ

Մենք տվել ենք մեր գնահատականը հայ-թուրքական արձանագրություններին, քանի որ ռուսաստանյան պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և մասնակցել կնքման գործընթացին․ այսօր ճեպազրույցի ժամանակ այսպես է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկումը։

«Գնահատականները տրվել են, և մեր դիրքորոշումը արդիական է։ Մենք ելնում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների։ Մեր կողմից մշտապես արել ենք ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար։ Կրկնեմ՝ Ցյուրիխում ռուսաստանյան կողմը ունեցել է ամենաակտիվ և որ հետաքրքիր է՝ ամենաարդյունավետ մասնակցությունը համապատասխան պայմանավորվածությունների մշակման հարցում»,- ասել է Զախարովան։

***

Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը, խոստմանը հավատարիմ, հայտարարեց, որ Հայաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ 2009թ․ ստորագրած արձանագրությունների կնքման ընթացակարգը։ Անցած օրերի ընթացքում ո՛չ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ որևէ այլ պաշտոնական կառույց չի արձագանքել Հայաստանի որոշմանը։

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը Թուրքիայի կողմից արձագանքի բացակայությունը պայմանավորում է Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների անկարևոր լինելու հանգամանքով։

Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման շուրջ հնչել են կարծիքներ իշխող Հանրապետական կուսակցությունից։

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ թուրքական կողմն է խուսափել իր պարտավորությունների կատարումից և առաջ է քաշել նախապայմաններ։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Էրդողանն ու նրա ղեկավարած կուսակցությունը «նպատակահարմար չգտան վավերացնել այդ համաձայնագիրը»։

«Թուրքական կողմից նախապայմանների առաջ քաշումը և չվավերացումը քաղաքական նոր իրավիճակ ստեղծեցին այդ արձանագրությունների շուրջ»,- ասաց Ֆարմանյանը։

«Հայաստանը չի գնալու նախապայմաններով հարաբերությունների կառուցման»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանել