Կարասի վարպետը

Վարդան Ղազարյանին նրա հայրենի Սիսիանում բրուտ են ասում։ 63-ամյա վարպետը դեռևս 30 տարի առաջ Սյունիքի մարզում հիմնադրել է բրուտության առաջին դպրոցը՝ հիմք ստեղծելով տարածաշրջանում կավագործության ավանդույթների վերականգնման համար։ «Զորահ» գինեգործական ընկերության հրավերով՝ վարպետ Վարդանն այժմ բրուտություն է դասավանդում Վայոց ձորի Ռինդ գյուղում։ Այստեղ վարպետը «Զորահի» հետ ձեռնամուխ է եղել կարասի պատրաստման ավանդույթների վերականգնմանը։