Փարիզում բացվել է Զապել Եսայանի անվան ճեմուղին

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զապել Եսայանի անունով: Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան պողոտայի կենտրոնական հատվածով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Զապել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ցուցանակի վրա նշված է՝ «Զապել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ»։

Ճեմուղու բացմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան, Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը: