«Հանուն Հայաստան պետության» ճակատը կփորձի կանխել Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումը

«Հանուն Հայաստան պետության» ճակատը մարտի 10-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին հանրահավաքը։ Ճակատը բաղկացած է քաղաքական, հասարակական տարբեր գործիչներից։ Նրանց թվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամներ և այլք։

Հանրահավաքին ներկա էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նույն խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Ճակատն իր առջև խնդիր է դրել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Այդ ճանապարհին իր նպատակներից մեկն է համարում թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը ապրիլին զբաղեցնի վարչապետի պաշտոնը և շարունակի ղեկավարել երկիրը։

Ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ և վերջին ժամկետը։ Նոր Սահմանադրության համաձայն, յոթնորյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, իսկ վարչապետի ընտրությունը նախատեսվում է ապրիլի 17-ին։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա հանրահավաքներ անցկացնել և թույլ չտալ, որ խորհրդարանի մեծամանսության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Իշխանափոխության ճանապարհին «Հանուն Հայաստան պետության» ճակատը նպատակ ունի ստեղծել նաև ժամանակավոր կառավարություն, ազատ արձակել քաղբանտարկյալներին, գումարել Սահմանադիր ժողով և անցկացնել նոր ընտրություններ:

Հանրահավաքին ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախկին նախագահ Կարապետ Ռուբինյանը, որը կարդաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին և ընդգծեց, որ այսօրվա քաղաքական կուսակցությունների մեծ մասն անտեսում է քաղբանտարկյալներին։ Նա նշեց, որ Հայաստանի քաղցկեղը կոռուպցիան է, որը դրսևորվում է նաև ընտրություններում, երբ բաժանվում է 10 000 դրամ ընտրակաշառք։

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը նույնպես խոսեց երկրում առկա խնդիրների մասին՝ հարցադրում անելով, թե ում համար է անփոխարինելի Սերժ Սարգսյանը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, քանի որ բոլոր ոլորտներում առկա խնդիրները համակարգային են։

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը։ Նա ընթերցեց նախաձեռնության կոչը երկրում քաղաքական քննարկումների շարք սկսելու մասին։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իր ելույթում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «իշխանությունը պահելու աճպարարությունն սկսել է 2014-ին», երբ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Իսկ այժմ, նրա խոսքով, երբ ոչնչացված է քաղաքական դաշտը, անցում է կատարվում խորհրդարանական կառավարման։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հաջորդ հանրահավաքը նախատեսված է մարտի 16-ին։

Մեկնաբանել