Վրաստանի վարչապետը բաց նամակ է հղել Կրեմլին

Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությունում ցանկություն է հայտնում, որ Վրաստանն ու Ռուսաստանը կարողանան կարգավորել լարված հարաբերությունները, որոնք վատթարացել են 2008թ․ պատերազմից հետո:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ հայտարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին:

Նա կոչ է արել Կրեմլին համատեղ քայլեր ձեռնարկել չպարզված հանգամանքներում Արչիլ Թաթունաշվիլիի մահվան կապակցությամբ, հաղորդում է կովկասյան Jam-news.net կայքը։

Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին Ցխինվալիի բանտում՝ չպարզված հանգամանքներում: Հարավային Օսիայի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են Թաթունաշվիլիի մարմինն ընտանիքին հանձնել, ինչն ուժեղացնում է Թբիլիսիի կասկածներն առ այն, որ մահվան պատճառը սրտի նոպան չի եղել, ինչպես պնդում է հարավօսական կողմը, այլ բռնի գործողությունները:

«Դիմում եմ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, որպեսզի հանուն ներկա և ապագա սերունդների առջև պատասխանատվության համատեղ քայլեր ձեռնարկվեն բարդ դրությունը հաղթահարելու համար»,- ասված է հայտարարությունում: 

«Ցավոք, այսօր մենք գտնվում ենք ծանր իրականությունում: Մենք վերականգնել ենք երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունները, սակայն ողբերգական միջադեպերի շղթան չի հաջողվում կասեցնել: Դա խաչ է քաշում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վրա: Ողբերգական վերջին օրինակը երկու շաբաթ առաջ չպարզված հանգամանքներում մեր քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մահը դարձավ, որի մարմինը մինչ օրս ընտանիքին չի հանձնվել՝ անգամ չնայած Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի բազմաթիվ փորձերին և միջազգային հանրության ջանքերին»,- ասված է հայտարարությունում:

Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարությունում ցանկություն է հայտնում, որ Վրաստանն ու Ռուսաստանը կարողանան կարգավորել լարված հարաբերությունները, որոնք վատթարացել են 2008թ․ պատերազմից հետո: Նրա խոսքով՝ ճիշտ  կլինի, որ պատերազմի 10-րդ տարելիցը կողմերը դիմավորեն ոչ թե փոխադարձ մեղադրանքներով, այլ «ձեռնարկեն թեկուզ ոչ մեծ, սակայն խելամիտ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»:

Ռուսաստանի իշխանություններին հղած ուղերձում Կվիրիկաշվիլին պատրաստակամություն է հայտնում ուղղակի երկխոսություն սկսել աբխազների և օսերի հետ և այդ հարցում ակնկալում է նաև ռուսական կողմի կառուցողական մոտեցումը. «Ռուսական կողմի կառուցողական դիրքորոշումը լավատեսությամբ կընկալվեր»:

Վարչապետի խոսքով՝ վրացական կողմը հետաքրքրված է Ժնևի բանակցությունների իրական առաջընթացով, և ինքն անձամբ պատրաստ է ներգրավվել այդ գործընթացում: