Անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը․ ՀԿ-ների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության երեք տասնյակ կազմակերպություն հայտարարություն է տարածել՝ խիստ մտահոգությունն ու վրդովմունք արտահայտելով «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ «Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ»:

«Տեղական և միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել և արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրիաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության և անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաև ՀՀ իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասված է հայտարարությունում:

Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Ներկայում միայն Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին, և նա շարունակում է մնալ անազատության մեջ:

«ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրիաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ»:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 2017-ի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրիաս Ղուկասյանի գանգատը:

«Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, և Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրիաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:

Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները պահանջում են․ 

ՀՀ իշխանություններից

– անհապաղ դադարեցնել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել:

ԵՄ-ի և Հայաստանի հետ համագործակցող միջազգային կառույցներից

– Քաղաքական հետապնդումների, և մասնավորապես Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:

Մարդու իրավունքների եվրպական դատարանից

– Հետևողականություն և պատասխանատվություն դրսևորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել ևս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:

Հայտարարությունը ստորագրող կազմակերպությունների թվում են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը», «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների»-ն, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիան,Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և այլն։