«Կոպտագույն խախտմամբ»․ Բալայանն արձագանքել է Ադրբեջանում մեկնարկող զորավարժություններին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ադրբեջանում մարտի 12-17-ին իրականացվելիք լայնամասշտաբ զորավարժություններին։ Բալայանը տեղեկացնում է, որ Ադրբեջանը այդպիսով խախտում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած հանձնառությունները։

«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (Ադրբեջանի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ առանց այդ մասին ԵԱՀԿ-ի անդամ պետություններին ծանուցելու»,- սոցցանցերում գրառում է արել Բալայանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 12-17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ լայնամասշտաբ զորավարժություններ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, հղում անելով ՊՆ-ին, վարժանքներում կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զրահատեխնիկա:

Բացի նշված զինտեխնիկայից կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:

Վարժանքների պլանի համաձայն՝ ադրբեջանական զինուժը պետք է կանգնեցնի պայմանական հակառակորդի հարձակումը, հակահարված հասցնի և վերականգնի իր վերահսկողությունը ձեռնտու հատվածներում։ Վարժանքներն անցկացվելու են «լեռնային բարդ պայմաններում»։

Մեկնաբանել