Հ1-ի «ղժժոցը» կանանց վրա

Հ1-ի «Լավ երեկո» հումորային ծրագիրը մարտի 8-ին ծիծաղի առարկա է դարձրել կանանց։ Այդ կանայք որպես հանցանք գործածներ փակված են Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Ծիծաղելի լինելու նրանց «արժանիքը» Հ1-ը չափել է այն բանով, որ այդ կանայք քրեական հանցագործներ են, դատապարտյալներ։ Այսինքն, նրանց վրա ղժժալը մեղք չէ, քանի որ «ի վերուստ» փաստ է, որ մեղավորի հանդեպ մեղավոր լինելը բացառված է։ Թե՞ աղջիկն ուզում է ասել, որ ինքը կին է, իսկ նրանք կին չեն։

«Լավ երեկոյի» «ազատ լրագրողը» չի պեղել ընկածներին, նրան մատուցել են և նա սկսում է ղժժալ։ Իր հերոսուհիներն իհարկե ունեն խոսքի իրավունք և ունեն ամեն դեպքում։ Լրագրողը վիրավորական ոչինչ չի ասում, լրագողը թույլ է տալիս, որ այդ կանայք վիրավորեն իրենք իրենց։ Նրանք արդեն իսկ իրենց հանդեպ գործել են բոլոր հնարավոր անարդարությունները, նրանք արդեն իսկ պատժվում են արածների համար։ Երբ «Լավ երեկոյի» լրագրողը նրանց դարձնում է ծիծաղի թեմա, ղժժալը դարձնում է պատժի մաս։ Այսինքն, փաստում է, որ դատավճիռը գոնե չի արգելում ի տես բոլորի ցույց տալ այդ կանանց ծիծաղելի կողմերը, որոնք այսպես թե այնպես նրանց հասցրել են բանտ կամ ձեռք են բերել բանտում։

Բայց եթե նույնիսկ այդ կանայք իրենք են համաձայնել լինել ծիծաղելի, եթե նույնիսկ նրանք պահանջել են իրենց ցույց տալ հենց գռեհիկ և անտանելի կողմերով, Հ1-ը դրա իրավունքը չուներ։ Որովհետև այդ կանանց քույրերը, մայրերը, որդիները ՀՀ քաղաքացի են, հարկատու են, իրենք նույնպես ՀՀ քաղաքացի են և հարկատու, կարծեմ քրեակատարողական հիմնարկում արտադրություն է գործում։ Եթե նույնիսկ այդ կանայք աշխարհում ոչ մեկը չունեն և իրենք էլ հարկատու չեն, Հ1-ի լրագրողը դրա իրավունքը չուներ։ Որովհետև այդ կանայք ՀՀ քաղաքացի են լրագրողի և «Լավ երեկոյի» ստեղծագործական անձնակազմի պես։ Եթե նույնիսկ այդ կանայք կաննիբալներ են ու ՀՀ քաղաքացի չեն, Հ1-ի լրագրողը դարձյալ իրավունք չուներ ղժժալ նրանց վրա, որովհետև էթիկայի խնդիր է՝ բանտում փակված մարդը պատասխանատվություն կրելու ամենադաժան բեռի տակ է։

Վաղն էլ «Լավ երեկոն» կարող է ծիծաղի թեմա դարձնել մանկատան երեխաներին

Հ1-ը էթիկայի դաշտում գործող հեռուստաընկերություն է, և ընկածը չի կարող լինել նրա զոհը որևէ դեպքում։ Այդ կանանց համար խոսափողը գուցե իրենց ստեղծագործական մղումներն ի ցույց դնելու առիթ են, սակայն նույնիսկ խելագարը կարող է իր վարքը դիտել ստեղծագործական մղում և փողոցի մեջտեղում մերկանալ։ Հ1-ն «ի պաշտոնե» ֆիլտրվող հեռուստաընկերություն է։ Փոխարենը, ասենք, «Արմենիան» շոուի իր հակումներով կարող էր ծաղրել ու որևէ պարտավորություն չունենալ այդ կանանց հանդեպ։ Բայց նրա մտքով չի անցել։ Իսկ հարկատուի փողերով աշխատող հեռուստաընկերության մտքով անցել է։ Վաղն էլ «Լավ երեկոն» կարող է ծիծաղի թեմա դարձնել մանկատան երեխաներին։

Իսկ էդ քրեակատարողական հիմնարկում հիշյալ կանայք լիքը խնդիրներ ունեն, ներառյալ սեփական արարքի գիտակցման։ Եթե որևէ ոչ իշխանական լրագրող դիմի արդարադատության նախարարությանը, հաստատ էդքան հեշտ մուտք չի ունենա «Աբովյան» քրեակատարողական։ Բանտարկված կանայք, իհարկե, ամեն ինչ չեն պատմի, բայց անլրջանալ կարող են ու չեն հրաժարվի, որ ամբողջ աշխարհը տեսնի իրենց անլրջությունը։ Իսկ եթե այդ կանայք դա չեն հասկանում, ոչ ոք նրանց կողքից չի ասում՝ ընկերուհի, դու ծիծաղելի ես, լրագրողը չպե՞տք է ինքը դա հաշվի առներ ու առանց ասելու, որ ծիծաղելի են, նյութը եթեր չտար։ Այդտեղ կանայք կան, որոնք վաղը կհայտնվեն ազատության մեջ։ Բայց եթե նույնիսկ նրանց «պարտքն» է բանտում մեռնելը, հենց նրանց համար գոյություն ունի ամեն ինչի կանխավարկածը։ Որովհետև իրենց ընտրությունն իրենք են, այլ ընտրություն չունեն։ Ամենասարսափելի ընտրությունն արել են՝ սպանել են, կողոպտել են, խաբել են և այլն։ Իսկ «ազատ լրագրող» աղջիկը դեռ կարող է չսպանել, չկողոպտել և չխաբել։ Ի դեպ, կարող է նաև չծաղրել։

Մեկնաբանել