Բակո Սահակյանն այցելում է Վաշինգտոն

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն: Արցախի նախագահական մամուլի ծառայությունը այցի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հաղորդում։

Ինչպես նկատում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh կայքը, Բակո Սահակյանը նախկինում շատ է այցելել ԱՄՆ, գերազանցապես՝ Լոս Անջելեսում անցկացվող տարեկան դրամահավաքին մասնակցելու համար։ Մինչդեռ Վաշինգտոն Սահակյանն առաջին անգամ է մեկնում․ նրա նախորդներ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոն այցելել էին 1990-ականներին։

Հայաստանյան և ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Սահակյանը ելույթ է ունենալու Կոնգրեսում մարտի 14-ին, հանդիպումներ է ունենալու վաշինգտոնյան փորձագետների և հայ համայնքի անդամների հետ։

Ադրբեջանի կառավարությունն արդեն արձագանքել է Արցախի նախագահի այցին՝ բողոքի նոտա հանձնելով Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին։

Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցին մեծ անդրադարձ է կատարել Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ գրելով, որ Բակո Սահակյանը պետք է ընդունելության արժանարար ԱՄՆ-ի վարչակազմի կողմից։ Դեսպանի համոզմամբ՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը ազգերի ընտանիք ընդունի Արցախը, որը, նրա խոսքով, «ծաղկուն ժողովրդավարություն է»։

Լուսանկարում՝ Բակո Սահակյանը մասնակցում է Լոս Անջելեսում «Տելեթոն-2013»-ին

Մեկնաբանել