Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018-ի ծրագիրը

Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին: Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործացության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում և Միացյալ Թագավորության երկրներում տեղակայված ուսումնական կենտրոններում: