Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը 2017թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ: Զեկույցի հեղինակները նշում են, որ 2013-2017թթ․ Հայաստանի ներկրած սպառազինությունների ծավալը համեմատաբար փոքր էր և հիմնականում եկել է Ռուսաստանից։ Ադրբեջանի ներկրած զենքի ծավալը շատ ավելի մեծ էր․ 2008-2012թթ․ համեմատ 2013-2017թթ․ ավելացել է 55 տոկոսով։
«Ինչպես նախորդ տարիներին, 2017-ին շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումները։ 2013-2017թթ․ Հայաստանի ներկրած սպառազինությունների ծավալը համեմատաբար փոքր էր, և հիմնականում եկել է Ռուսաստանից։ Ադրբեջանի ներկրած զենքի ծավալը շատ ավելի մեծ էր (համաշխարհային ծավալների 1,3 տոկոսը) և 2008-2012թթ․ համեմատ 2013-2017թթ․ ավելացել է 55 տոկոսով»,- ասված է զեկույցում։
2017թ․ Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել մահապարտ («կամիկաձե») անօդաչու թռչող սարքեր, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել բալիստիկ հրթիռներ։
Աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում Ադրբեջանը 2017-ին հայտնվել է 23-րդ հորիզոնականում (2016թ․ 21-րդն էր)։
Հիմնական մատակարարներն էին Ռուսաստանը (65 տոկոս), Իսրայելը (29 տոկոս) և Թուրքիան (2,5 տոկոս):
Ուշագրավ է, որ անցյալ տարվա զեկույցում Ադրբեջանի զենքի երրորդ խոշորագույն մատակարարը Բելառուսն էր, որին 2017-ին փոխարինել է Թուրքիան։
2013–17թթ․ աշխարհում զենքի խոշորագույն մատակարարներն էին ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։
SIPRI-ի անցյալ տարվա զեկույցը՝ այստեղ։