Ադրբեջանը Իսրայելից զենք գնում է, բայց միջազգային հարթակներում չի աջակցում․ Jerusalem Post

Մարտի 12-ին Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը 2017թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ Իսրայելի զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Վիետնամն ու Ադրբեջանը։ Իսրայելական Jerusalem Post-ն այս առիթով գրում է, որ զենքի վաճառքն այդուհանդերձ միջազգային հարթակներում աջակցության երաշխիք չէ․ վերոհիշյալ երկրները ՄԱԿ-ում գրեթե միշտ քվեարկում են Իսրայելի դեմ։

Ըստ զեկույցի՝ Հնդկաստանը 2017-ին իսրայելական զենքի խոշորագույն գնորդը, ձեռք է բերել 715 մլն դոլարի սպառազինություն։ Նրան հաջորդում է Վիետնամը՝ 142 մլն դոլարի զենքով։ Երրորդ տեղում Ադրբեջանն է, որը 2017-ին Իսրայելից գնել է 137 մլն դոլարի զենք։

«Հնդկաստանը երբեմն ձեռնպահ է մնում ՄԱԿ-ում Իսրայելի հետ կապ ունեցող բանաձևերի վերաբերյալ քվեարկություններում, մինչդեռ Վիետնամն ու Ադրբեջանը մշտապես Երուսաղեմի դեմ են քվեարկում»,- գրում է իսրայելական կայքը։