Բակո Սահակյանը հանդիպումներ է անցկացնում Վաշինգտոնում

Մարտի 13-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահական մամուլի ծառայությունը, քննարկվել են ԱՄՆ-ի և հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ Բակո Սահակյանն այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։ Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Բակո Սահակյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ։