Մարտի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Այնուհետև Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:
Իր խոսքում Սահակյանը կարևորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաև մեծացնում են «պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում»:
«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ Արցախում կարևորում են ամերիկացիների սատարումը, և այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Սահակյանը:
Վաշինգտոնում Բակո Սահակյանի գտնվելու ընթացքում՝ երեկ, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը «Արցախ» անվանակոչելու օրինագծի օգտին:
Այսպիսով՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան կանվանափոխվի «Արցախ պողոտա»:
Կարդացե՛ք նաև՝
Բակո Սահակյանն այցելում է Վաշինգտոն
Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Ջոն Էվանսի հոդվածը՝ The National Interest-ում
Լուսանկարը՝ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի
Տեսանյութը՝ Artsakh Press-ի